Search
Close this search box.

«Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել». խոսնակ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,– ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։

Չնայած այս ամենին` Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Ավելի վաղ` հուլիսի 7–ին, մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։