Search
Close this search box.

Մեր շուրջ շատ ավելի բարդ խաղ է հյուսվում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տոյվո Կլաարը եվրոպական քաղաքականության «ադրբեջանամետ անկլավ» չէ, նա նույնիսկ գերատեսչական շահեր պարունակող ինստիտուտ էլ չէ, այլ ընդամենը ներկայացուցիչ, որն ունի ղեկավարներ: Հետեւաբար, խոսել Կլաարի մասին, մոռանալով նրա ղեկավարներին եւ նրանց քաղաքականությունը, նման է աչքակապության:
Կրկնեմ, եթե օրինակ խոսք լիներ որեւէ հանձնակատարի՝ փաստացի եվրամիության նախարարի մասին, այդ դեպքում կարող էինք իրավիճակը չափել այլ կերպ, բայց այս դեպքում խոսքն ընդամենը մի ներկայացուցչի, մի դեսպանի մասին է, որի շուրթերով բարբառում է նրա վերադասը:

Իսկ ինչու՞ է Կլաարի շուրթերով «վերադասը» այսպես ասած «բացում» ավելի մանրամասն այն, ինչ Բրյուսելի հանդիպումից հետո մեկ նախադասությամբ ասաց նրա վերադասներից Միշելը՝ Աղդամի ճանապարհով այսպես կոչված հումանիտար օգնության մասին:

Այստեղ մոտիվ պետք է փնտրել թերեւս Հայաստանի ԱԳ նախարարի Ավստրիա կատարած այցի ներքո: Ավստրիան Եվրամիության այն քիչ անդամներից է, որ բավականին նուրբ ձեւով, բայց հակադրվում է եվրոպական քաղաքականության ընթացիկ «նարատիվներին»: Ի դեպ, ուշադրության արժանացնենք այն, որ Ավստրիան նաեւ ԵՄ այն քիչ երկրներից է, որ Ադրբեջանի հետ չունի մեծ տնտեսական կապակցվածություն:

Այդ համատեքստում էլ թերեւս ուշադրության է արժանի, որ Բրյուսելի եռակողմին հաջորդում է Հայաստանի ԱԳ նախարարի աշխատանքային այցն Ավստրիա, իսկ այդ ֆոնին էլ Կլաարը խոսում է, թե այսպես ասած Աղդամի ճանապարհը պետք է լինի Լաչինի «լրացում»:

Գործնականում մեր շուրջ շատ ավելի բարդ խաղ է հյուսվում, քան այն համեմատաբար պարզունակ վեճերն ու լուծումների ստանդարտ մեթոդական դիտարկումները, որ ունենում ենք մենք մեր շրջանակում: