Search
Close this search box.

ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն․ ՔՊ պատգամավորների ելույթները՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ելույթս սկսել հանձնաժողովի զեկուցող տիկին Քուգլերի աշխատանքը գնահատելով: Ուզում եմ հատկապես ընդգծել նրա այն միտքը, որ երբ մենք խոսում ենք, օրինակ, շրջակա միջավայրի խնդիրների մասին, մենք պետք է այնպես անենք, որ դրանք ընկճվածություն չառաջացնեն եւ չմղեն քաղաքացիներին դեպի մեկուսացում խնդիրներից՝ դրանց չափազանց բարդ լինելու բերումով: Մենք պետք է նաեւ բավարար լավատեսություն գեներացնենք, որ միասին լուծումներ փնտրենք: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր գաղափարական մոտեցում է խնդիրներին:

Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են վարում: Նպատակը, որը Հայաստանը հետապնդում է խաղաղության այս բանակցություններում, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:

Մինչդեռ արդեն յոթ ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ամբողջությամբ շրջապատված են ռուս խաղաղապահներով եւ ադրբեջանական բանակով: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ճանապարհին բետոնապատնեշներ տեղադրեց: Սրա կադրերը կան համացանցում:

Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ գազ, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սննդի եւ բժշկական մատակարարումների համալրում: Ծանր վիճակում գտնվող եւ Լեռնային Ղարաբաղում անհասանելի բժշկական ծառայությունների կարիք ունեցող հիվանդները նույնպես չեն կարող տեղափոխվել: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը փաստաթղթավորելու եւ հասցեագրելու համար:

Սա մարդասիրական ճգնաժամ է, որն ունի նաեւ բազմաթիվ այլ չափումներ, այդ թվում՝ բնապահպանական եւ տնտեսական: Իրավիճակը շատ պարզ ձեւով ներկայացնելու համար ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ արդեն յոթ ամիս է, ինչ ոչինչ չեն գնում եւ չեն վաճառում. նրանք պարզապես իրենց տներում սպասում են սննդի փաթեթների ժամանմանը: Մարդկանց կյանքն այնտեղ կանգ է առել եւ մշտական հարձակման սպառնալիքի տակ է:

Որքան էլ այս իրավիճակը հուսահատ է, Հայաստանում մեր դիրքորոշումն այն է, որ մենք սադրանքների չենք տրվելու եւ չենք հրաժարվելու խաղաղության բանակցություններից: Մենք շարունակելու ենք բարեխղճորեն ջանք գործադրել եւ քաղաքական կամք դրսեւորել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է կայուն միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ»,- նշել է պատգամավորը:

Ելույթ է ունեցել նաեւ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է

«Պարո՛ն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կաշյունասին զեկույցի եւ բանաձեւի պատրաստման համար:

Ցավոք, Բիրմինգհեմի հռչակագրի ընդունումից հետո Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ենթարկվել է դաժան ագրեսիայի, ինչը հանգեցրել է մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիայի: Այս բռնությունները դադարեցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվ միջամտության շնորհիվ:

Ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում մարտական դիրքերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությանը: Վերջերս Ադրբեջանը նաեւ սկսել է թիրախավորել իմ երկրի տնտեսական զարգացումը՝ գնդակոծելով ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը:

Բարեբախտաբար, այժմ Հայաստանի սահմանի երկայնքով գործում է հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային լարվածությունն արձանագրող եւ այդ մասին այս վեհաժողովի անդամ մի շարք երկրներին զեկուցող մեխանիզմ: Խոսքը Հայաստանում 2 տարի ժամկետով տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական մոնիտորինգային առաքելության մասին է, որի նպատակն է նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչի համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵՄ բոլոր անդամ երկրներին առաքելություն ծավալելու համաձայնության համար եւ հատկապես Ավստրիային, Ռումինիային, Սլովակիային, Լատվիային, Լիտվային եւ Էստոնիային՝ այս որոշման կայացման գործում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

Նույն մեխանիզմը Եվրամիության կողմից առաջարկվել է նաեւ Ադրբեջանին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն: Գուշակեք, թե ինչու: Այս փաստը հստակ ցույց է տալիս, թե ով է ագրեսորն այս հակամարտության մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կոնֆլիկտային այլ համատեքստերում մենք հստակ նշում ենք, թե ով է ագրեսորը եւ ով է զոհը, կարեւոր է դա նշել նաեւ այս համատեքստում. այն օգնում է բացահայտել խնդիրները եւ լուծումներ գտնել դրանց համար: Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկել եմ այս բանաձեւում, ծառայում են այդ նպատակին:

Կարծում եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի եւ ներգրավվածության ամրապնդման գործում»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը: