Search
Close this search box.

«Ադրբեջանը սպառնում է դեմիլիտարիզացիա իրականացնել Լեռնային Ղարաբաղում». Անի Սամսոնյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հրապարակային ակնարկներով սպառնում է դեմիլիտարիզացիա իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նշանակում է զինաթափել ՊԲ-ն: Սա նախապատրաստվում է վաղուց` տեղային սադրանքներ հրահրելով և անվանելով դրանք հակաահաբեկչական գործողություններ: Սակայն «հակաահաբեկչական գործողություն» սահմանափակ հնարավորություններով տերմինը իր ծավալով չի կարող ծածկել Ադրբեջանի նպատակը` չեզոքացնելու ԼՂ պաշտպանական ուժերը:

Հիմա արդեն ակտիվորեն դաշտ է նետվում «դեմիլիտարիզացիա» տերմինը, որը հաճախակի է օգտագործվում 2021թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երբ Ռուսաստանը այդպես բնորոշեց իր ռազմական գործողությունները Ուկրաինայում:
Ռուսաստանը, այդպիսով, աշխարհում ձևավորեց վտանգավոր պրակտիկա և ես մի առիթով նշել էի, որ դա վարակիչ է դառնալու ավտորիտար երկրների ղեկավարների համար` հարևան երկրների հետ կամ իրենց ինքնիշխանության ներքո ապրող ժողովուրդների կամ ինքնորոշվող ժողովուրդների հետ իրենց խնդիրները լուծելու համար դիմել դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի, ինչը անում է Ադրբեջանն այսօր:

Այստեղ հարց է առաջանում`
1. Արդյոք պետք է հույս ունենալ, որ դեմիլիտարիզացիայի օրինակ ցույց տված ՌԴ-ն ունի լեգիտիմություն զսպելու Ադրբեջանին այս հարցում:
2. Արդյոք Արևմուտքի համար, որը այդ գործողությունները դիտարկելու է որպես Ադրբեջանի սուվերեն իրավունք` պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը, կարող է սա դիտարկվել բնականոն այն դեպքում, երբ դատապարտեց և չընդունեց ՌԴ դեմիլիտարիզացիան Ուկրաինայի նկատմամբ: Բայց այս դեպքում Արևմուտքում կասեն` Ուկրաինան ճանաչված պետություն է, Արցախը` ոչ և էլի շատ բաներ:

Ասածս ինչ է` եթե Ադրբեջանը անում է այն, ինչ ասում է, հետևաբար աղետից հետո դիմել ՌԴ-ին կամ Արևմուտքին այդ աղետը դատապարտելու համար, ուշ է լինելու: Իսկ հուսալ միայն, որ ՌԴ-ն կամ Արևմուտքը կկարողանան դա կանխել (ձգել դա իրականացնելու ժամանակը` միգուցե) ժամանակի կորուստ է:
Ադրբեջանի հետ պետք է խոսել և ընդունել որոշումներ` թեկուզ վատ, բայց գոնե խուսափելով վատագույնից»: