Search
Close this search box.

Երկու բան ունենք անելու․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին՝ խոսել է այն մասին, թե ինչու պետք չէ ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու։

«Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք, համոզենք։ Փորձել եմ, ընկերնե՛ր, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել», – ասել է Հարությունյանը, փոխանցում է «ՍիվիլՆեթ»-ը։

Նա նշել է, որ «այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում են՝ էս է մեր նպատակը»։

«Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿ-ում, ասում են երեկ և այսօր՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։
Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարել եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։ Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Ես դեմ չեմ բանակցություններին, ես դեմ չեմ հանդիպուներին։ Ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել։ Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, հաղթահարելի է այդ ամենը, ժողովո՛ւրդ, երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմադրողականության բարձրացում։ Այդ առումով ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք, եթե ցանկություն լինի՝ առանձին կքննարկենք», – ասել է Արցախի նախագահը։