Search
Close this search box.

Փաշինյանի նպատակը ՀՀ–ն թուրք–ՆԱՏՕ–ական գոտի տեղափոխելն է. Շարմազանով

ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում իրականում ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Մասնավորապես, ըստ քաղաքական գործչի, այդ առաքելության նպատակը հայ–ռուսական և հայ–իրանական դաշնակցային հարաբերությունները փչացնելն է։

«Եվրոպական միության դիտորդների առաքելության ներթափանցումը Հայաստան ուղղված է ոչ թե ՀՀ անվտանգային համակարգը ուժեղացնելուն, այլ հայ–ռուսական և հայ–իրանական դաշնակցային ու բարեկամական կապերը թուլացնելուն»,– ասաց նա։
Շարմազանովն ընդգծեց, որ ԵՄ դիտորդների գալով արդեն իսկ վատթարացել են դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Այսօրվա իշխանությունը կարո՞ղ է բացատրել, թե ԵՄ դիտորդական առաքելությունն ինչ օգուտ է տվել ՀՀ անվտանգությանը, բացի վնասից։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամեն ասուլիսի ժամանակ ստիպված է լինում կա՛մ հերքել, կա՛մ սրբագրել, կա՛մ ուղղել, կա՛մ էլ դատապարտել Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանից հնչող հայտարարությունները։ Ե՞րբ եք նման բան տեսել»,– նշեց նա։
Ըստ ՀՀԿ–ական գործչի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է Հայաստանը հայ-ռուսական դաշնակցության գոտուց տեղափոխել թուրք–ՆԱՏՕ–ական գոտի և Հայաստանը դարձնել «Էրմենիստան»։

Նրա խոսքով` վառ օրինակը նաև Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի առաջարկած տարբերակից հրաժարվելն ու Վաշինգտոնում ամեն կերպ խաղաղության պայմանագիր ստորագրելու ձգտումն է։

«Եթե Ռուսաստանը բացառապես խոսում էր կոմունիկացիաների բացման մասին, վաշինգտոնյան ֆորմատով մեխը դրված է ամեն գնով խաղաղության պայմանագիրը կքնելու վրա, որը դատապարտելի և անթույլատրելի է։ Եթե այդ խաղաղության պայմանագիրը կնքվի Փաշինյանի ու Ալիևի տեսլականով, Արցախը անցնելու է Ադրբեջանին, ռուս խաղաղապահները դուրս են գալու, և Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ»,–ընդգծեց նա։

Շարմազանովը վտանգավոր է համարում այն բոլոր բանակցություններն ու ձևաչափերը, որոնցում Հայաստանը ներկայացնում է Փաշինյանը, քանի որ նա` որպես բանակցող, արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրով։

Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
Հունիսի 27-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։
Հունիսի 28-ին ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։