Search
Close this search box.

Թյուրիմացություն, թե՞ կրկնակի հերքման եւ գումարի պահանջ Ալեն Սիմոնյանից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ լրագրող Անի Գեւորգյանի միջեւ դատական վեճը` հերքման եւ գումարի պահանջով, որը հանրային լայն արձագանք էր գտել, նոր աբսուրդային զարգացումներ է ստացել:

Փաստաբան ԱՐԱՄԱԶԴ ԿԻՎԻՐՅԱՆԸ տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից հայտնել են այն մասին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գեւորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ: Մինչդեռ, ըստ փաստաբանի, Անի Գեւորգյանի կողմից, ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես` ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպվել էր դրամահավաք: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված եւ դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցն այն վերցրել էր` Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:
«Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ», — նշել է Կիվիրյանը:
Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե արդյոք Ալեն Սիմոնյանը կրկնակի հերքման եւ գումարի պահանջ է ներկայացրել լրագրողին:
«Անի Գեւորգյանն իր բոլոր պարտավորությունները իրականացրել է: Կարծում եմ` սա ինչ-որ թյուրիմացություն է: Կխոսենք հավելյալ Ալեն Սիմոնյանի փաստաբանի հետ եւ կշտկվի», — ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը:

Iravunk.com
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ