Search
Close this search box.

Մարդ-կուսակցությունները 10 անդամ չունեն, բայց ուզում են մասնացել Երևանի ավագանու ընտրություններին․որն է նրանց նպատակը

«Երբեք չեմ ունեցել քաղաքական ամբիցիաներ», «Մեր նպատակը բարեկեցիկ ու զարգացող Երևանն է», «Այս ընտրություններում որոշվելու է Երևանի առաջիկա հինգ տարիների ապագան». բազմաթիվ նման հայտարարություններ կարելի է լսել այն մարդկանցից, ովքեր հայտարարում են, որ պատրաստվում են մասնակցել սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Այդ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կուսակցությունների մեծամասնությունը հիմա զբաղված է մարդաորսով. փորձում են գտնել միամիտների, ովքեր կհամաձայնվեն լինել իրենց նախընտարական ցուցակներում՝ որպես ավագանու թեկնածու: Այդ կուսակցություն կոչվածները իրականում մարդ ՍՊԸ-ներ են, ովքեր ոչ թե հարյուր, շատ դեպքերում նույնիսկ 10 անդամ չունեն: Իսկ ընտրությունների մասնակացել ցանկանում են և պատրաստվում:

Պատրաստվում են մասնակցել կուսակցություններ, որոնք երբեք չեն մասնակցել Հայաստանի որևէ համայնքի ընտրության, կամ եթե անգամ մասնակցել են, ապա առանց որևէ հաջողության, ու հիմա միանգամից որոշել են, որ կարող են մասնակցել ու հաղթել Երևանի ավագանու ընտրություններում:
Մարդ-կուսակցություն ՍՊԸ-ները ընտրություններին մասնակցելու մի մոտիվացիա ունեն`փող աշխատել, բարելավել իրենց նյութական և սոցիալական վիճակը:

Սա մի քիչ կոպիտ, գռեհկացված գնահատական է, բայց արտահայտում է նման կուսակցությունների կամ մարդկանց գործունեության իրական շարժառիթը: Պարտադիր չէ, որ նրանք ինչ որ մեկից փող վերցնեն՝ ընտրությունների մասնակցելու համար, կարևորը նման պատվեր ստանալն ու կատարելն է, հետո արդեն այդ ամենը կապիտալիզացիայի կենթարկվի պաշտոնի, հողատարածքի, բիզնեսի տեսքով, որն էլ կվերածվի փողի:

Ընտրությունների մասնակցելու պատվեր իջեցնում է իշխանությունը. որքան հնարավոր է, շատ մասնակցություն ապահավելու համար: Որքան շատ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, այնքան իշխանության համար լավ: Շատ մասնակիցները մեծ աղմուկ կառաջացնեն, մեծ խառնաշփոթ. իրենց նախընտրական պաստառներով, քարոզարշավով, ընդհարումներով:

Որքան շատ կուսակցություն մասնակցի ընտրություններին, այնքան շատ ձայն կփոշիանա, թեկուզ յուրաքանչյուր նման կուսակցություն ստանա մի քանի հազար, կամ մի քանի հարյուր ձայն: Իշխանությունն իր ֆիքսված ձայներն ունի. վարչական լծակներով ու ընտրակեղծարարությամբ, իրեն պետք է փոշիացնել ոչ իշխանական ընտրազանգվածին, թույլ չտալ, որ հակաիշխանական դաշտը ունենա ընդգծված առաջնորդ:

Իշխանության մարիոնետները փորձելու են հնարավորինս ապաքաղաքականացնել Երևանի ավագանու ընտրություները. հասարակությանը համոզել, որ դրանք ընտրություններ են գազելի փոխարեն ավտոբուս նստելու, թեղու փոխարեն սակուռա տնկելու, մետրոյի կայարան կառուցելու թե այդ փողով ավելի շատ ավտոբուս գնելու միջև:

Իշխանությունը արդեն գիտի, որ կլինեն կուսակցություններ, որոնք կփորձեն ավագանու ընտրությունները վերածել գործող իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի, կփորձեն հասարակությանը համոզել, որ Երևանը չի կարող լավ ապագա կամ ընդհանրապես ապագա ունենալ, եթե Հայաստանը կործանվում է, երբ Հայաստանը չունի ապագա:

Արդեն նման հայտարարություններ արվել են, արդեն կան կուսակցություններ, որ հայտարարում են, որ ավագանու ընտրությունը ոչ թե, կամ ոչ այնքան Երևանի ապագա քաղաքապետի ընտրություն է, այլ գործող իշխանությունից ազատվելու հնարավորություն:

Փաշինյանի իշխանությունը պատվեր է իջեցնելու տարբեր ազատ, անկախ, միացյալ, հզոր, արժանապատիվ ու չգիտեմ էլ ինչ Հայաստան անունների տակ հանդես եկող կուսակցություններին՝ մասնակցել ընտրություններին ու շեղել հասարակության ուշադրությունը, թույլ չտալու նրան կողմնորոշվել:

Ընդդիմության խնդիրը պետք է լինի հասարակությանը ցույց տալ, որ բոլոր նման կուսակցություն կոչվածները գործում են Փաշինյանի փեշի տակ, նրա հրահանգով և հանուն նրա, ու ընտրությունների գնալով պետք է մերժել ոչ միայն Փաշինյանին, այլև Փաշինյանի կողմից կառավարվող մարիոնետներին: Պետք է ի վերջո մաքրել քաղաքական դաշտը, պետք է թափել այդ աղբը և լռեցնել նրանց առաջացրած աղմուկը:

Armlife.am