Search
Close this search box.

«Մենք պետք է հզոր բանակ ստեղծենք». Սամվել Բաբայանը հանրությանն է ներկայացրել ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը

Այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի ընթացքում «Արգելափակված ճանապարհ. ինչու՞ է շրջափակվել, ո՞վ պիտի բացի, ինչպե՞ս պետք է գործել» թեմայի շուրջ իր տեսլականն է ներկայացրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը մինչև Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը մի շարք անգամներ ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր այդ ճանապարհով հայկական կողմը զենք-զինամթերք է տեղափոխում, ուստի կանխատեսելի էր, որ փորձելու է ինչ-որ քայլեր ձեռնարկել:

«Հակառակորդը մեզ ամեն օր մեղադրում էր զենքեր բերելու մեջ, այսինքն հուշում էր, որ շուտով կփակի ճանապարհը: Մենք չէի՞նք կարող սքաներ սարք տեղադրել նախապես՝ հակառակորդից մի քայլ առաջ ընկնել, օրակարգ թելադրել»,-ասել է Ս. Բաբայանը՝ կարևորելով արցախյան կողմի նախաձեռնողականությունը՝ Ադրբեջանի կողմից մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նրա համոզմամբ՝ Արցախում օրերս մեկնարկած ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու, քանի որ նման փորձ եղել է նաև 90-ականներին, սակայն ապարդյուն:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում անելիքներին բանախոսը կարծում է, որ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում բացել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը, ապա պետք է գոնե ավտոմեքենաների քանակն ավելացնեն՝ առաջին անհրաժեշտության հումանիտար ապրանքներն անընդհատ մատակարարվելով, որպեսզի Արցախում կարգավորվեն հերթերը և հնարավորին բնականոն կյանքով ապրեն մարդիկ:

«Պետք է ասենք՝ գոնե դա արեք, մինչև հասկանանք, թե ինչ է ուզում թշնամին: Գազը, էլեկտրականությունը, կապի մալուխները պետք է այդ ճանապարհով բերել. հարցը պետք է դնել գոնե այդ մասով: Մեր ճանապարհի հատվածը մինչև Եղցահող պետք ա կառուցենք»,- ասել է Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով ինքը չի եկել պատերազմելու, այդուհանդերձ, անհրաժեշտ է անցնել պրոֆեսիոնալ բանակի մեխանիզմին: «Մենք պետք է բանակ ստեղծենք, հզոր բանակ»,-ընդգծել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդը: Այնուհետև նա պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: