Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն հայտնում է երկու գյուղի գրավման մասին

Բաքուն հայտարարել է, թե Շուշիի շրջանի երկու գյուղ անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տեղեկացմամբ՝ մարտի 25-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում Շուշիի մոտ մի քանի բարձունք, հարակից տարածքները, ինչպես նաև Շուշիի շրջանի «Ալլահգուլուլար» և «Զամանպեյես» գյուղերն արդեն գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։

Hraparak.am-ը կապ է հաստատել Արցախ, որպեսզի հասկանա, թե ինչ գյուղերի մասին է խոսքը։ Լրատվամիջոցին փոխանցել են, որ խոսքը մարտի 25-ին ադրբեջանական բանակի ներխուժման մասին է՝ մոտ 1 կիլոմետրի չափով, Եղցահողի Սարի Բաբա բարձունքում, դեպի անտառային այն ճանապարհը, որով ինչ որ կապ պահպանվում էր դեռ Հայաստանի հետ։ Այդ տարածքում գյուղեր չկան, իսկ «Ալլահգուլուլար և Զամանպեյեսի» անվանումները նշված տարածքի հին անվանումներն են, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես գրավված գյուղեր։

Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահների կողմից տարվող բանակցություններին, ապա մոտ 10 օր է անցել այդ ապօրինի ներխուժումից, սակայն որեւէ տեղաշարժ չկա՝ թշնամու զինուժը դեռ տեղակայված է մարտի 25-ին գրաված տարածքում եւ նահանջի նշաններ չի ցուցաբերում։