Search
Close this search box.

«Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք». պաշտպան

Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։