Search
Close this search box.

Մորը բռնաբարել են ազատամարտիկները․ այդ արտահայտությունը երեխան չի անում, ախր չի նայել, ո՞նց իմանա՝ ով է անում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները դասադուլ են անում։ Բանն այն է, որ համալսարանի ռեկտորը արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։ Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը։

«Սովետական վիճակներից դուրս չենք եկել։ Սա է ամբողջ խնդիրը։ Սովետը մեզ մոտ շարունակվում է, այդ կարգավիճակը կա։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա մենք կմնանք այս ճահիճում։ Սովետական օրենքներով է շարժվում ինստիտուտը, մինչդեռ պետք են նորարարություններ։ Միջնադարում ենք, սա իսկապես միջնադար է»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

«Ամբողջ աբսուրդն այն է, որ հանձնաժողովը անգամ չի էլ նայել, բայց նստած քննարկում ու քննադատում են։ Ավելի նոնսենս հնարավոր չէ պատկերացնել։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Դու չես նայել, դու ի՞նչ ես քննարկում։ Այն աստիճանի չեն նայել, որ ասում է, թե այդ երեխան արտահայտություն է հնչեցնում , թե մորը բռնաբարել են ազատամարտիկները։ Ախր երեխան նման բան չի ասում, դա լրիվ ուրիշ մարդ է ասում, չի նայել, որ իմանա՝ ով է ասում։ Չի նայել ու ասում է, թե այդ զզվելի ներկայացումը չեմ ուզում նայեմ։ Հասկանու՞մ եք, դուք գոնե պատկերացնու՞մ եք՝ ինչ է կատարվում, ուր ենք գնում։ Իսկ ինչի համար են ինձ դեմ։ Դե ես վատ բնավորություն ունեմ, երեխեքին եմ անգամ ասել՝ փոխեք ձեր ղեկավարին։ Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ չեմ սիրում երբեք քծնել։ Երբ որ ռեկտոր նշանակեցին, ես չգնացի ու չասացի՝ վայ, էս ինչ ուրախ եմ, էս ինչ ուրախ եմ, որ դուք եք մեր ռեկտորը, ես չունեմ տենց բաներ»,- հավելեց նա։