Search
Close this search box.

Ստյոպա Սաֆարյանը առերևույթ կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք, սպառնում է փաստաբաններին. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերթական ստերը Ստյոպա Սաֆարյանի հերթական եթերի ընթացքում
1. Նա հայտնում է, թե երկար էին սպասել, որ վերջապես ես և Սոս Հակոբյանը հրապարակենք Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, որտեղ նշված է, որ Սեդա Սաֆարյանի արտոնագրի գործողությունը կասեցվում է նոյեմբերի 30-ին:
— Այդ փաստաթուղթը մենք հրապարակել էինք դեռևս փետրվարի 10-ի մեր ասուլիսում: Ի դեպ՝ առանձնահատուկ ուշադրություն էինք հրավիրել (կարմիրով ընդգծել էինք) նոյեմբերի 30-ի հանգամանքը:

2. Նա հայտնել է, թե մենք հրապարակել ենք այլ իրավական ակտ, իսկ ինքը՝ այլ: Մենք՝ քաղվածք, իսկ ինքը՝ որոշում:
— Մենք հրապարակել ենք հենց այդ որոշման քաղվածքը, ուստի՝ հրապարակել ենք նույն իրավական ակտը: Ս.Սաֆարյանի այս անհեթեթ պնդումը, հավանաբար, Սաֆարյանական կիսագրագիտության հետևանք է:

3. Նա հայտնում է, թե Սեդա Սաֆարյանի կողմից դեկտեմբերի 28-ին ստորագրած վերաքննիչ բողոքը 168.ամ լրատվականը վերցրել է իմ ֆեյսբուքյան հրապարակումից: Թե նախ ես եմ դա հրապարակել, հետո 168-ը:
— Մեր փետրվարի 10-ի ասուլիսում էլ հայտնել եմ, որ 168-ը այդ լուսապատճենը հրապարակել է առաջինը: Իսկ ես դա վերցրել և հրապարակել եմ հենց 168 ժամ լրատվականից:

4. Նա պնդում է, թե մենք հրաժարվել ենք Սեդա Սաֆարյանի կողմից առանց արտոնագրի փաստաբանությամբ զբաղվելու փաստից այն պատճառով, որ արդեն իմացել ենք արտոնագրի կասեցման մասին և այլևս չէինք կարող այդ խնդիրը բարձրաձայնել:
— Մենք երբեք չենք հրաժարվել մեր այդ պնդումից: Իսկ ԱԺ դիմել ենք միանգամայն այլ հիմքով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու (անհամատեղելիություն) հիմքով, քանի որ ինքներս ենք այդ փաստն առաջինը բացահայտել և առաջին անգամ այդ մասին հանրությունն իմացել է փետրվարի 10-ին մեր ասուլիսից: Ինչ վերաբերվում է ներկայացուցչության (փաստաբանություն) հիմքին, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն այդ արարքը չի դասվում էական խախտումների շարքին, ուստի ՍԴ երեք դատավորի կողմից նախաձեռնությունը բավարար էր: ՍԴ 3 այդպիսի դատավոր չգտնվեց: Իսկ անհամատեղելիության հիմքով լիազորությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է հենց Ազգային ժողովին և հենց այդ հանգամանքից ելնելով էլ մենք դիմել ենք Ազգային ժողովի նախագահին և բոլոր խմբակցությունների ղեկավարներին:

5. Նա պնդում է, թե «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է ՍԴ խորհրդապահական սենյակից արտահոսած տեղեկություններ: Թե այդ տեղեկությունները ես եմ փոխանցել թերթին:
— «Ժողովուրդ» օրաթերթը հենց այդ հոդվածում հստակ հայտնել է, որ աշխատակարգային նիստի արձանագրության քաղվածքը ստացել է Սահմանադրական դատարանից պաշտոնական խողովակով, օրենքով սահմանված հարցման միջոցով:

6. Նա հայտնել է, որ հայրս 2008-ի մարտի 1-ի գործով լինելով ՀԿԳ քննիչ ինչ-որ ապօրինություններ է կատարել ընդդիմադիրների նկատմամբ:
— Հայրս 2004-ին նշանակվել է որպես Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ, ազատվելով ՀԿԳ քննիչի պաշտոնից և որևէ առնչություն չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ մարտի 1-ի գործի քննության կամ դրանով անցնող անձանց հետ:

7. Նա պնդում է, որ Սոս Հակոբյանը եղել է Կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի անդամ և ՀՀԿ անդամ:
— Սա շատ ծիծաղելի է: Նույնիսկ ՀՀԿ-ականները ծիծաղեցին: Այս մասին կարծում եմ Սոսը կխոսի:

8. Նա պնդում է, որ Սեդա Սաֆարյանի կողմից վարչական դատարան դիմելու մասին մեր հրապարակած լուրը մամուլում չի հայտնվել հատուկ նպատակներով:
— Հենց Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կարող եք տեսնել իր կողմից հրապարակված մամուլի նյութը այդ մասին: Հավանաբար մոռացել էր, որ ինքն արդեն հրապարակել էր:

Վերջում Ստյոպա Սաֆարյանը առերևույթ կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք, սպառնում է փաստաբաններին տեղեկություն հրապարակելով, եթե չկատարեն իր պահանջը:

Ինչ վերաբերվում է Ստյոպա Սաֆարյանի այն պնդմանը, թե Սեդա Սաֆարյանը Փաստաբանների պալատին դիմումով խնդրել է արտոնագրի գործողությունը կասեցնել դեկտեմբերի 8-ից (նշել է կոնկրետ ժամկետ), եթե իսկապես այդպես է, ապա ինձ համար այդ հանգամանքը անհասկանալի է, թե ինչու է Խորհուրդը կասեցրել ոչ թե դեկտեմբերի 8-ից, այլ՝ նոյեմբերի 30-ից: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից ԱԺ ներկայացրած միջնորդության հետ դա առնչություն չունի, ուստի չեմ պատրաստվում լրացուցիչ հետազոտել նշված հանգամանքը: Դատարան են դիմել, կարծում եմ լուծում կստանա հարցը:
Մնացածն այս 8 ստերի լիրիկական ներկայացումն է, որը տևել է շուրջ 1,5 ժամ:

Հ.Գ. Այո, նստել ու նայել եմ, որ բացահայտնեմ ստախոսությունները: Գիտեմ, որ դուք չեք նայել ու լավ չեք հասկանում, թե ինչի մասին է այս ամբողջը:

Այս Բաժնից