Search
Close this search box.

Դուք եւ ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք. Սերժ Սարգսյանը պարգևներ և բարձրագույն զինվորական կոչումներ է շնորհել

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի եւ խիզախության, ինչպես նաեւ մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաեւ բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որտեղ նշել է.

«Պարոնա՛յք գեներալներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին: Դա մեր ժողովրդի եւ պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է:

Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը եւ ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք եւ ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով եւ արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին եւ Արցախին:

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը եւ ան-դորրը: Ձեր եւ ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետեւողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ եւ գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են եւ, իհարկե, նաեւ նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգեւները: Դուք եւ ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք: Մենք հպարտանում ենք ձեզնով եւ հենվում ձեր հաղթական կամքի վրա:

Շնորհակալ եմ»: