Search
Close this search box.

Ուժգին ցնցումներ Արեւմտյան Հայաստանում․ Անգորայի օկուպացիոն ռեժիմը օգնություն չի հասցնում տուժածներին

«Երկրաշարժ կենտրոնական Թուրքիայում», «Թուրքիայում երկրաշարժի օջախը հեռու է Հայաստանից»՝ հայ մամուլի խորագրերն են։ Ներկայիս արեւելյան Թուրքիայի՝ Արեւմտյան Հայաստանի Մալաթիա, Մարաշ, Այնթափ, Ուրֆա, Տիգրանակերտ, Քիլիս, Թիլ Արմեն եւ խոշոր այլ քաղաքներում, ինչպես նաեւ Սիրիայի հայաշատ քաղաքներում ավերիչ երկրաշարժի հետևանքով հայ բնակչությունը լուրջ կորուստներ ունի։ ԱՀԿ կանխատեսումներով, զոհերի եւ վիրավորների թիվը կարող է հատել տասնյակ հազարները։

Հայ մամուլը տեղեկություններ էր հրապարակում հայերի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ տեղի բնակչության զգալի մասը՝ քրդացած մահմեդականներ թե ալավիներ, ծագումով հայ են։ Ավերվել են հայ բազմաթիվ սրբատեղիներ, հայ ճարտարապետության բազմաթիվ կոթողներ։ Կիլիկիայի Աղեքսանդրետում լրջորեն վնասվել է Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։

Համաշխարհային մամուլը գրում է, որ Անգորայի (Անկարա) վարչակարգը բավարար ջանքեր չի գործադրում տուժածներին օգնելու եւ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում։ Բնակիչները նշում են, որ պետությունը օգնություն չի ուղարկել, եւ փողոցներում դիակները թափված են առանց ծածկելու, իսկ փլատակների տակ ողջ մնացածների ձայներն են լսվում։ Ֆրանս պրեսը գրում է, որ Անգորայի վարչակարգի հանդեպ զայրույթի ալիք է բարձրանում։

Վարչակարգի այս պահվածքը պատահական չէ։ Ի տարբերություն հայերի, Էրդողանը եւ նրա վարչակարգը շավ գիտեն իրավիճակը։ Արեւմտյան Հայաստանում թուրքեր գրեթե չկան, ինչպես նշեցինք՝ բնակչության զգալի մասը՝ քրդացած մահմեդականներ թե ալավիներ, ծագումով հայեր են, կան նաեւ հույներ, արաբներ, ասորիներ։ Մի քանի տարի առաջ կառավարությունը կայք գործարկեց, որի միջոցով քաղաքացիները կարող էին ստուգել իրենց գենետիկ ծագումը։ Կայքը շատ արագ «կախեց»՝ պարզվեց, որ թուրքեր որպես այդպիսին գրեթե չկան։

Ներկայում էլ թուրքերը մեծամասնություն չեն։ Թուրքախոս լինելը չի նշանակում թուրք լինել։ Ժամանակակից Թուրքիան ստեղծել է Ռուսաստանը հայերի արյան ու տարածքների վրա, ոսկով, սննդամթերքով, ռազմական օգնությամբ։ Ռուսական ստորաբաժանումները քեմալական հրոսակախմբերի հետ ուղիղ մասնակցում էին հայերի ու հույների կոտորածներին։

Նույնիսկ Արցախը Հայաստան չընկալող հայության զգալի շերտերի ու ազգային իրավունքներից ու տարածքներից հրաժարված հայկական իշխող ու չիշխող խեղկատակ խմբերի համար նման բաներն անընկալելի են։ Տասնյակ միլիոնավոր հայերը սպասում են հայկական պետականության եւ «Թուրքիայի» իսկական անվան վերադարձին։

Lragir.am