Search
Close this search box.

Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել. հարուցվեց քրեական գործ

2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նկատի ունենալով, որ հոդվածը պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, և պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու։

ՔԿ-ն պարզաբանում է, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի՝ այս մասով դիտարկվող հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է և չի համապատասխանում իրականությանը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանն այսօր՝ հունվարի 25-ին, փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին և հաղորդում ներկայացրել՝ ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ։

ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ forrights.am-ին Էդգար Հակոբյանը նշել էր, որ  գնալու տեղ չունի, չգիտի, թե ում հայտնի իր նկատմամբ կատարվող անօրինականությունների, ծեծի, ճնշումների մասին:

«Ես եկել եմ Երևան, հույս ունեմ, որ գոնե ստեղ ինձ կլսեն», -ասել է Էդգարը: Նրա հետ հանդիպեցինք Երևանի Կենտրոնում, Երիտասարդական մետրոյի մոտ: Հենց փողոցում սկսեց ներկայացնել իր պատմությունը: 2017 թվականի մարտից նա ծառայում է Ասկերանում: Ծառայության առաջին  ամսիներից հետո երիկամների հիվանդություն է ձեռք բերել, զգացել է, թե ինչպես է իր ինքնազգացողությունը վատանում:

Նա հայտնել է այս մասին զորամասի ղեկավարությանը, խնդրել է իրեն ուղարկեն Երևան ՝ բուժման:

«Ես մի երկու-երեք ամիս առաջ եմ սուր ծակոցներ զգացել երիկամների շրջանում: Ինձ ուղարկեցին Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից էլ ուղարկեցին Երևան՝՝ Մուրացան: Ինձ ասեցին՝ պետք է գաս, բուժվես»: Էդգարը երեք անգամ դիմում է գրել զորամասի հրամանատարությանը, խնդրանքով, որ իրեն թույլ տան բուժվի, գոնե դիրքեր չուղարկեն: «Հրամանատարը իմ դիմումները ճղել գցել է,  մորս հետ գնացի, մորս չընդունեց, ասեց՝ կամ կգնաս դիրքեր, կամ կդատվես»:

Ասում է, որ երբ փորձել է իր իրավունքները պաշտպանել, հակաճառել ղեկավարությանը, երբեմն ի պատասխան լսել է. «Սա Հայաստան չի, ում ուզում ես բողոքի»: