Search
Close this search box.

Լավրովը ցավում է, որ ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել բանակցություններին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ բանակցություններին։ Նա այդ մասին ասել է ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

ՌԴ արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։
«Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով ստեղծված իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», – ասել է Լավրովը։

Նա նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:

«Ինչ հարցեր էլ ծագեն, համոզված եմ, որ պետք է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։