Search
Close this search box.

Թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ խորհրդական. ի՞նչ է սա նշանակում. BBC

BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է թուրք գեներալ Բախտիյար Էրսաիի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակմանը՝ այն որակելով «կարևոր քայլ» Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժը միավորելու հարցում։

Նշվում է, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական նշանակվելուց հետո, ըստ տեղական ԱՊԱ գործակալության, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում խոսել է ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաև ծրագրվածի բարեփոխումների մասին։

Փաստն այն է, որ դեռ սեպտեմբերին Թուրքիան իր չորս գեներալներին նշանակել էր Ադրբեջանում թուրքական զինված ուժերը ներկայացնող հատուկ հրամանատարությունում։ Նրանցից մեկը Բախտիյար Էրսաին էր։

Ըստ BBC-ի՝ նախքան այս Էրսաին զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնը։

Լրատվամիջոցը նշում է, որ նա ղեկավարել է Իրաքում անջատողական Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողությունները։ Հայկական և ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են նաև, որ Էրսաին 2020 թվականի աշնանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի հրամանատարությանը։ Թուրքիան այդ պահին իսկապես օգնել է Ադրբեջանին թե՛ դիվանագիտական մակարդակով, թե՛ զենքով, գրել է BBC-ն՝ հիշեցնելով «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք օգնել են Ադրբեջանին առավելության հասնել մարտի դաշտում՝ ավիահարվածներ հասցնելով հայկական զրահատեխնիկայի և դիրքերի ուղղությամբ։

Դեռ սեպտեմբերին փորձագետները BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել էին, որ Ադրբեջանում ցամաքային զորքերի կառուցվածքային բարեփոխում է իրականացվում։

Ռազմական վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովի խոսքով՝ Էրսաին աշխատելու է այս ուղղությամբ, նա խորհրդատուի դեր է կատարելու «միայն ցամաքային զորքերի» պատրաստման հարցում։

2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թուրք զինվորականները հանդես են եկել որպես խորհրդական։

Ըստ փորձագետ Ազադ Իսազադեի՝ պաշտպանության նախարարի խորհրդականի դերում Էրսային անհրաժեշտ է որպես խորհրդատու Ադրբեջանի և Թուրքիայի բանակները մեկ ստանդարտի բերելու համար։

Փաստն այն է, որ երկու երկրներն էլ երկար ժամանակ բարձր մակարդակով խոսում են միասնական բանակ ստեղծելու մասին, երկրները հաճախ համատեղ վարժանքներ են անցկացնում։ Իսկ անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են Շուշիի համատեղ հռչակագիրը, ըստ որի՝ երկրները պարտավորվում էին միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի դեպքում։ Համաձայնագիրը փաստացի ռազմական դաշինքի մակարդակի է հասցրել երկու երկրների ռազմական համագործակցությունը։

Փորձագետի կարծիքով՝ Էրսաիի նշանակումից հետո իրականացվող բարեփոխումները ազդեցություն կունենան նաև տարածաշրջանի վրա։

«Դա կլինի միասնական բանակ, որը, ըստ անհրաժեշտության, կմասնակցի այս կամ այն գործողությանը, և սա միասնության ցուցադրություն է ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի»,- վստահ է Իսազադեն։

Ադրբեջանը ռազմական հակամարտություն ունի ոչ միայն հարևան Հայաստանի հետ, այլև բարդ հարաբերություններ երկու հարևան երկրի՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Աշնանը Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ադրբեջանական և թուրքական բանակները պատասխան զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել է Բախտիյար Էրսաին, եզրափակել է BBC-ն։