Search
Close this search box.

Զախարովան խոսեց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակ մասին

Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը:

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի»,–ասաց նա։

Նա ընդգծել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է խաղաղապահների վերահսկողության տակ։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,– ասաց Զախարովան։

Նա նաև նշեց, թե պետք է մեկնաբանի ռուս խաղաղապահների նկատմամբ մերկապարանոց մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները. «Որտեղից էլ դրանք ծագեն, մենք դրանք համարում ենք անթույլատրելի և ոչ արդյունավետ։ Ռուս խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»։