Search
Close this search box.

Սպանություն Կոտայքի մարզում․ ննջասենյակում հայտնաբերվել է խեղդամահ արված կնոջ դի

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է:

Սպանության վայրում հավաքված սպանվածի հարազատներն ու հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Զայրացած ու զարմացած ենք, թե ինչպես է նրա ձեռքը գնացել անկողնում պառկած մեծահասակ կնոջը խեղդամահ անելով, սպանել։ Առավոտյան ենք իմացել, երբ շտապօգնության ավտոմեքենան մտավ փողոց։ Կարծեցինք, թե ինչ-որ մեկը վատացել է։ Բայց րոպեներ անց իմացանք, որ տեղի է ունեցել զարհուրելի սանություն։Ու արդեն մտածում էինք, թե ով է մարդասպանը, ու արդյո՞ք միլիցեքը ու քննիչները կբռնեն։ Բայց հալալ ա։ Դեռ դիահերձարանից չէին եկել մահացածի մարմինը տանելու, իմացանք, որ միլիցեքը բռնել են։ Ու հիմա գոնե կիմանանք, թե ով է մարդասպանը»։