Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաճառվում է ինստիտուտ․մի քանի փորձից հետո գինն իջեցվել է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերումև ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ըստ կանոնադրության Ընկերության գործունեության հիմնական տեսակն է վերականգնողական բուժում: Ընկերությունն ունի 171 աշխատակից:

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան Օրբելի 41 հասցեում։

Հողամասի մակերեսը կազմում է 1.7863 հա, 1 քառ. մետրի կադաստրային արժեքը՝ 139,425 դրամ: Հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով։

Ընկերության շենք-շինություններն ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ:

Ընկերության անշարժ գույքի գնահատված մեծությունը կազմում է 4,968,532.950 հազ.դրամ:

Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմում է 5,110,296.120 հազ.դրամ։

Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշումներով համապատասխանաբար՝ 4,663,930.6 հազ.դրամ և 3,497,947.95 հազ. դրամ արժեքներովներկայացվել է մասնավորեցման` մրցույթով: Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։

Հետագայում կատարվել է Ընկերության գույքի նոր գնահատում։

Հաշվի առնելով, որ Ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմել է 5,023,162.620 հազ. դրամ՝ ՀՀ կառավարության 17.06.2022թ. թիվ 914-Ա որոշմամբ բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 3,767,375.0 հազ. դրամ։ Մրցույթը չի կայացել հայտ չլինելու պատճառով։

Նախագծով առաջարկվում է Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ վաճառքի նվազագույն գին է սահմանելով գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3,265,056.0 հազ.դրամ:

Նախագծի համաձայն՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոս պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: