Search
Close this search box.

Մտահոգիչ լուր Արցախից

Արցախում 19 երեխա թունավորման ախտանիշներով տեղափովել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով:

Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Նախարարությունից հայտնել են նաև, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ երեկ երեկոյան այցելել է ԱՀ «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին:

«Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է: Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պատասխանատու անձանց մասնակցությամբ: Երեկ ժամը 21-00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակել է բուժում ստանալ 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

ԱՀ դատախազությունից հայտնել են նաև, որ դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: Հայտնել են, իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ: