Search
Close this search box.

Ինչո՞ւ են «Վերածնվող Հայաստանի» անդամները վայր դրել մանդատները. Վահե Հակոբյանի պատասխանը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները «Հայաստան» խմբակցության հետ որևէ տարաձայնություն չունեն ո՛չ գաղափարների, ո՛չ էլ գլոբալ հարցերի շուրջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

Հայտնել ենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: Զեմֆիրա Միրզոևան կշարունակի պատգամավորական գործունեությունը` սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամակցությունը։

«Այս որոշումը հակադրման կամ խմբակցության ներսում գլոբալ խնդիրների արդյունք չէ։ Մենք որևէ տարաձայնություն չունենք գաղափարների կամ գլոբալ հարցերի շուրջ։ Հարցը միայն ԱԺ վերադառնալ–չվերադառնալուն, լիագումար նիստերին և քվեարկություններին մասնակցելուն է վերաբերում»,– Sputnik Արմենիային ասաց Հակոբյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք շարունակելու են մնալ ընդդիմադիր դաշտում, իսկ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը միանշանակ շարունակելու է։
Հակոբյանի պնդմամբ` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նիստերի ժամանակ լայնածավալ քննարկումների ընթացքում մնացել են այն կարծիքին, որ բոլոր խնդիրները, հրատապ հարցերը, որոնք առկա էին բոյկոտ հայտարարելու ժամանակ, իրենց համար շարունակում են մնալ առավել քան արդիական։

Այս Բաժնից