Search
Close this search box.

Ադրբեջանցիները թիրախավորված կրակ են բացել

Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի անմիջական հարևանությամբ դիրքավորված ադրբեջանցիները թիրախավորելով գյուղի վարելահողերում աշխատող բնակիչներին՝ թույլ չեն տալիս, որ աշնանացան արվի։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հացիի գյուղապետ Սանթուր Սարգսյանը, աշնանացանի աշխատանքները նոր էին սկսել, դեռ շուրջ 100 հա վարելահող պետք է մշակվի։

«Վարելահողերի մեծ մասը շփման գծի երկայնքով է՝ ադրբեջանական դիրքից 150-200 մետր հեռավորության վրա։ Մոտ 60 հա-ն էլ՝ գյուղի վարելահողերի 30 տոկոսը, 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես չենք մշակում. շփման գծին կպած են այդ տարածքները, մոտենալ հնարավոր չէ։ Գոնե մնացածը պիտի մշակենք, թեկուզ էլի թշնամու ուղիղ նշանառության տակ են գտնվում։ Խաղաղապահները բանակցել են, պայմանավորվածություն կա, որ երկուշաբթի օրվանից նորից վերսկսենք աշխատանքները՝ իհարկե, խաղաղապահների ներկայությամբ»,-ասաց Սարգսյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ նախկինում ադրբեջանական դիրքից օդ էլ են կրակել, մեր դիրքերի վրա էլ, բայց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ու տեխնիկայի վրա՝ ոչ մի անգամ։

Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան 11։40-ի սահմանում ադրբեջանական դիրքից կրակ են բացել Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացող գյուղացիների վրա։

Դեպքի առնչությամբ Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը և հայտնել, որ հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։