Search
Close this search box.

8 հոգու համար սահմանված խցում կարելի է տեսնել մինչև 15 անձի. «Նուբարաշեն» ՔԿՀ-ը գերբնակեցված է

Քրեակատարողական հիմնարկներում խցերի պայմանների հետ կապված՝ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ էական տարբերություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նրա խոսքով` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը մնում է չլուծված:

«Հիմնական խնդիրը «Նուբարաշենի» գերբնակեցման հարցն է: Այս պահի դրությամբ 8 հոգու համար սահմանված խցում կարելի է տեսնել մինչև 15 անձի:

«Նուբարաշենի» պահպանման պայմանների հետ կապված հետ այլ խնդիր կա, մասնավորապես, առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: Թեև անցած տարի կային խցեր, որոնք տեղափոխվեցին, սակայն դեռևս օգտագործվում են պատժախցերը, կարանտինային խցերը, ինչպես նաև հացադուլ հայտարարած անձանց նույնպես տեղափոխում են առաջին հարկ»-, նշեց Ռևազյանը:

Դիտորդական խմբի անդամի խոսքով` ՔԿՀ-ներում խցերը լինում են կամ լավ վերանորոգված, կամ չվերանորոգված, ինչը նույնպես խնդրահարույց է:

«Հիմնականում դատապարտյալներն են իրենց միջոցներով վերանորոգումներ իրականացնում այդ խցերում : Արդյոք դա լա՞վ է, թե վատ: Մի կողմից լավ է, որ դատապարտյալները բարելավում են իրենց խցերը, մյուս կողմից վատ է, քանի որ խտրականության հարց է առաջանում»,- նշեց Ռևազյանը: