Search
Close this search box.

Փաշինյանը խոսեց այսպես կոչված «անկլավները» հանձնելու մասին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից։

«Հայտարարությունների առումով, այո, մենք տեսնում ենք լարվածություն։ Բայց նաև հետահայաց մեղավորություն զգալով այն բանի համար, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել և օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը ընդլայնվել է, ես ուզում եմ մի քանի շեշտադրումներ անել։ Առաջինը՝ ինչպիսի՞ն է խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները և առաջարկները, խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը։ Եվ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Այս արձագանքների առումով մենք այնուամենայնիվ տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ, և այդ լարվածությունը կապված է կոնկրետ իրադարձությունների ու կոնկրետ իրավիճակների հետ։ Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։ Միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի։ Ես ուզում եմ հստակ լինենք՝ մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, մենք ասում ենք, որ պետք է արձանագրվի՝ ի՞նչ է ՀԱՊԿ ընկալումն այս իրավիճակին և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում։ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված», ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Եթե շատ թարգմանաբար ներկայացնեմ, Ադրբեջանն ունի այպիսի դիրքորոշում, որ 2021 թվականի մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք Հայաստանը օկուպացրել է։ Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից։ Այս մասին ես նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ուզում եմ ձեզ ասել մեր դիրքորոշումը։ Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղից որտեղ պետք է գնա։ Եվ եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն։ Այսինքն՝ եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը, օրինակ, հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է նա նկատի ունի, որ այդտեղ տարածքային բաժանում կա, սահման կա, գիծ կա։ Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, քարտեզը, և դա կարող է լինել հետաքրքիր։ Մենք չենք մերժում դա, ինչո՞ւ, որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է։ Օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված են, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված են։ Օկուպացված են Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը՝ 1992-1994 թվականներին։ Ես կարծում եմ՝ մենք հիմա այս հարցերի շուրջ ավելի շատ պետք է հրապարակային խոսենք։ Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք քարտեզը, սահմանի գիծը և ցույց տվեք, թե ձեր գիծը ինչ իրավական հիմնավորում ունի։ Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել՝ մինչև ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, ոչ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն։ Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին։ Եվ ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա։ Ես ուզում եմ և հայ հանրությունը, և միջազգային հանրությունը սա արձանագրի»։

Փաշինյանն ասաց, որ խոսքը 29 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին է, ոչ թե զիջելու մասին։ «Մենք հույս ունեինք, այսօր էլ այդպես ենք կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ։ Հիմա այդպիսի ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ։ Մյուս կողմից, այդտեղ էլ լուծում կա, զորքերի հետքաշման առումով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականին փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիթորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, որ հանգիստ գնալ դելիմիտացիա գործընթացին, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տեղի ունենալ»,- ասաց նա։

Հանրությունն արդեն սովոր է, որ հերթական ելույթում Փաշինյանը բացահայտում է նոր զիջումների պահանջները՝ իրեն բնորոշ բառախաղերով եւ «ուզում ենք, փորձում ենք, ցավոք, չի ստացվում» էժանագին հնարքով։ Տվյալ պարագային խոսքն այսպես կոչված «անկլավները» հանձնելու մասին է, ՀԱՊԿ-ն ու միջազգային հանրությանը խառնելով, որպեսզի իրավիճակն առավել արժանահավատ լինի։ Նշենք, որ «անկլավների» շրջանում արդեն իսկ կանգնած են ռուս «սահմանապահները», ինչը նշանակում է, որ այդ տարածքը հանձնվելու է Բաքվին, Հայաստանի «նոր սահմանների» գծման շրջանակում։ Ռուսական զորքի ներկայությունն այդ նպատակն ունի, ապացույցը՝ Հին Թաղերից մինչեւ Ջերմուկ․ Փաշինյանը այսօր եւս հավաստիացրեց, որ հավատարիմ է «ռուսական պլանին»։