Search
Close this search box.

ՄԻՊ ներկայացուցիչները առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ

Երեկ՝ հունվարի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

«Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաև Պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից:

Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է: Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ վիրահատությունից հետո ունենում է որոշակի ցավեր երիկամների շրջանում, սակայն ստանում է ցավազրկող դեղամիջոցներ:

Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Հովհաննես Հարությունյանը ևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, առողջական վիճակն ու պահման պայմանները նույնպես ստուգվել են:

Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստանում է վերականգնողական բուժում: Նրա նկատմամբ շարունակվում են իրականացվել լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինքնազգացողությունը բավարար է»,– հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել նաև Պաշտպանին դիմում հասցեագրած ազատությունից զրկված այլ անձանց հետ, ստուգել նրանց պահման պայմաններն ու փաստաթղթերը: