Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ վիրահատություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում․ բժիշկները հրաշք են գործել

Հայաստանում, առաջին անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում օրեր առաջ բարեհաջող կատարվել է բացառիկ վիրահատություն՝ ենթաստամոքսային գեղձի գոյացության հեռացում` լապարասկոպիկ եղանակով: Հայկը հոկտեմբերի 6-ին Վրաստանից եկավ Հայաստան՝ 12 մատյաաղիքի անանցանելության պատկերով:
6-7 օր նա գտնվել է մեկ այլ բուժհաստատությունում, որտեղից էլ նրան ուղղորդել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Բժիշկները հրաշք են գործել»,- ասում է արդեն վիրահատության ենթարկված Հայկը:

Մեկ այլ հիվանդանոցում թերապեւտիկ բուժման կուրս անցնելուց հետո նրան ուղարկել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ վերջերս Մոսկվայից Երեւան վերադարձած Գրիգոր Պապոյանն առաջարկել է արմատական ​​լապարասկոպիկ վիրահատություն կատարել։ Գրիգոր Պապոյանին օգնել է Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի վիրաբույժ Իգոր Անդրեյցեւը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդը կլինիկա է ընդունվել 15-20 կգ քաշի կորստով, կախեքսիայով, օրգան համակարգերի ախտահարումով՝ երիկամների, լյարդի անբավարարությամբ եւ հիպոալբումինեմիայով։

Նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, եւ արդյոք այն բարորակ է, թե չարորակ, ցույց կտա հեռացված նյութի հյուսվածաբանական հետազոտությունը։ Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի բիոպսիա խորհուրդ չի տրվում, քանի որ պրոցեդուրան կարող է ենթաստամոքսային գեղձի բորբոքում առաջացնել։ Հատկապես, եթե ուռուցքը վիրահատելի է:

2 շաբաթ պացիենտը պատրաստվել է վիրահատության՝ զոնդի միջոցով սնունդ ընդունելով։ Դրանից հետո կատարվել է գաստրոպանկրեատոդուոդենալ մասնահատում, որը ներառում է ստամոքսի, մեծ եւ փոքր ճարպոնի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, տասներկումատնյա աղիքի, լեղապարկի եւ ընդհանուր լեղածորանի մասնահատում։ Մասնահատումից հետո կատարվել է վերականգնում․ ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը եւ ընդհանուր լեղածորանը կարվել են բարակ աղիքի հետ՝ վերականգնելով ողջ աղեստամոքսային համակարգի ամբողջականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: