Search
Close this search box.

Ոստիկանական զորքերը կապառազմականացվեն. նոր մանրամասներ ոստիկանության գվարդիայի ստեղծումից

Ոստիկանության ազգային գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ոստիկանական գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, տեղեկանում ենք արդարադատության նախարարության կայքից։

«Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը։ Գվարդիան աջակցելու է նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Սակայն անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում, ինչը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը:

Այս փոփոխությունը, ըստ Սարգսյանի, պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուներով:

Նշվել է, որ հանդիպմամբ մեկնարկում է ոստիկանական գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորումը։
Հավելենք` հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը։

Այս Բաժնից