Search
Close this search box.

«Խաղաղության պայմանագրի» երեք տարբերակ․ Մեծ պատերազմի ուրվականը

Դատելով հայկական զլմ-ներում հրապարակումներից, «խաղաղության պայմանագրի» 3 տարբերակ կա՝ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի։ Վաշինգտոնի ենթադրյալ «տարբերակը» հրապարակեցին ռուսական հատուկ ծառայություններին կապված ալիքները, որի շուրջ ռուսական մամուլն ու ռուսասպասարկու ուժերը մեծ աղմուկ բարձրացրին՝ Վաշինգտոնը ուզում է Արցախը թողնել «Ադրբեջանի» կազմում եւ միջանցք բացել։ Քոչարյանի ղեկավարած խմբակցության պատգամավորներից մեկն ԱԺ ամբիոնից նույնիսկ պատռեց այդ ենթադրյալ տարբերակը։ Հետաքրքիր է՝ նա ԱԺ ամբիոնից կպատռի՞ նաեւ նոյեմբերի 9-ի թուղթը, որում եռակողմ ստորագրությամբ արձանագրված է նույն միջանցքը եւ Արցախի կարգավիճակի բացառումը, եւ որը, ինչպես պարզվեց, դրված է բոլոր առաջարկների հիմքում։

Բանն այն է, որ թե ամերիկացիները, թե եվրոպացիները եւ թե ռուսները հաստատում են, որ պայմանագրի իրենց տարբերակներում նույն առաջարկներն են, դրանց բովանդակությունը գրեթե չի տարբերվում։ Ավելին, Բրյուսելի տարբերակը մեկնաբանվեց որպես ռուսական առաջարկները եվրոպական լեգալ հարթակում լեգիտիմացնելու փորձ։ Նույնը սկզբունքորեն կարելի է ասել Վաշինգտոնի ենթադրյալ տարբերակի մասին։

Չնայած դրան, երեք ենթադրյալ տարբերակների շուրջ համաշխարհային, ընդ որում՝ ամենաբարձր՝ պետությունների առաջին դեմքերի մակարդակում բանավեճ է ծավալվել, ինչի արձագանքն են նաեւ հայաստանյան բանավեճերը։ Ռուսաստանը Արեւմեւտքին մեղադրում է իր ջանքերի արդյունքը, այսինքն եռակողմ թղթերով «կարգավորումը» յուրացնելու եւ իրեն դուրս մղելու ցանկությունների մեջ, Արեւմուտքն իր հերթին կասկածի տակ է դնում Ռուսաստանի իրավարարության արդյունավետությունն ու անկողմնակալությունը։

Այս հանգամանքը հայկական բանավեճերում մեկնաբանվում է հիմնականում Արեւմուտքի ու Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից մեկը մյուսին դուրս մղելու, սեփական ազդեցություն մեծացնելու ձգտումների հարթության մեջ, սակայն խնդիրն ունի այլ, առավել կարեւոր կողմ։ Համաշխարհային այս աննախադեպ ակտիվությունը նշանակում է, որ նժարի մյուս կողմում դրված է շատ ավելին, քան հայկական պատկերացումները կամ տերությունների միջեւ մրցակցությունը։ Հնարավոր է՝ դրա պարզաբանման բանալին ԱՄՆ Պետդեպի խոսնակի ուղերձն էր Փաշինյանին ու Ալիեւին, որոնք պատրաստվում են Պուտինի հետ եռակողմ հանդիպում անցկացնել։ Խոսնակն ասել է, որ ղեկավարներն իրենք պետք է որոշեն՝ Պուտինը վստահելի գործընկեր է, թե ոչ, ակնարկելով, որ Մոսկվան դեմ է հարեւան երկրների ինքնիշխանությանը, հրահրում է հակամարտություններ եւ շահագրգռված չէ կայունությամբ ու խաղաղությամբ։

Ուրեմն, ի՞նչն է մյուս նժարին։ Խոշոր հարձակումը Հայաստանի դեմ՝ քարտեզում պատկերված արդյունքներով։ Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան այդ նպատակն ուներ՝ Սյունիքի մարզի օտարումով եւ այն ռուս-թուրքական հաղորդակցությունների գորշ միջանցքի վերածելով։ Բաքվին ձեռնտու է ռուսական միջնորդությամբ «կարգավորումը», այդ մասին բացահայտ խոսում են Բաքվում ու Մոսկվայում։ Հայաստանյան ռուսանպաստ շրջանակները, պաշտպանելով ռուսական պլանը, որպես փաստարկ բերում են այն, որ Մոսկվան ձգձգում է խաղաղության պայմանագրի, Արցախը հանձնելու, միջանցքը բացելու ծրագրերը։ Նրանք ճիշտ են՝ ձգձգում է հենց վերը նկարագրված արդյունքին հասնելու համար։

Սեպտեմբերի 13-14-ի ռուս-թուրքական ագրեսիան կանգնեցրին Իրանը եւ ԱՄՆ-ն, Իրանը զորքեր կուտակեց ՀՀ հարավային սահմաններին եւ միանշանակ հայտարարեց, որ ագրեսիայի դեպքում իր զորքը գործելու է նաեւ սահմանից այն կողմ։ Եվրոպական դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին հնարավոր ագրեսիան կանխելու նպատակ ունի։ Բաքվին ձեռնտու են բոլոր տարբերակները, որոնց դեպքում նա միեւնույն է շահած է դուրս գալիս, ամրագրելով իր տարածքային ձեռքբերումները։

Կրկին կարող է հարց ծագել՝ այդ դեպքում ինչու են գրեթե նույնական արեւմտյան ու ռուսական առաջարկները, եւ ինչ «կոնսենսուս» է դա, որը չէր կարող ձեռք բերվել առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։ Պատասխանն արդեն հայկական կողմում է՝ մոսկովյան քվոտաներով Փաշինյանի գլխավորությամբ քպ-ական մեծամասնության ու խորհրդարանի «ընդդիմության» համակարգի ձեւավորումը նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության հիմքով, որի խնդիրը 2020-ին Հայաստանի դեմ արշավի պատճառի՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերով ձեւավորված իրողություններն ի վնաս Հայաստանի ընդլայնելն ու օրինականացնելն է, հայկական իրավունքների ու շահերի լուծման միջազգային իրավական ճանապարհները միտումնավոր ոչնչացնելը։

Փաշինյանը միտումնավոր երկիրը հասցրեց վերը բերված քարտեզի կամ 29,8-ի, այսինքն՝ 1921-ի ոճրագործությունն ընդլայնված օրինականացնելու, Արցախը եւ Նախիջեւանը հանձնելու «այլընտրանքին», ոչնչացնելով Հայաստանի իրական այլընտրանքներն ու հնարավորությունները եւ հանրությանը հուսալքելու եւ ծայրաստիճան ապակողմնորոշելու արշավով։ Մի խոսքով, իրագործելով ագենտուրային առաջադրանքը։ Այս պայմաններում Արեւմուտքը, կամ որեւէ այլ ոք, ավելին ինչպե՞ս կարող է առաջարկել, եթե իր հերթին հայ հանրությունը դեռ դուրս չի եկել թմբիրից։

lragir.am