Search
Close this search box.

Մենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող իրավիճակը: Այս մասին հայտարարեց Միրզոյանը Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօր իմ լավ բարեկամ պարոն Աբդոլլահիանի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության եւ եղբայրության, այլեւ մեր ընդհանուր պետական, բնական շահերի խորը ըմբռնման վրա, հետեւողականորեն խորանում են տարբեր ոլորտներում: Մեր քննարկումների առանցքային թեման բնականաբար տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող իրավիճակն էր: Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան Ադրբեջան խաղաղության պայամանագրի մշակման աշխատանքների հետ կապված մանրամասները, բնականաբար, անդրադարձել եմ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասներին եւ հետեւանքներին: Վերահաստատել եմ ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքից դուրս բերման, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման եւ հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման եւ հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ իրենք համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջեւ կոնֆլիկտները պետք է լուծվեն բանակցությունների եւ կառուցողական երկխոսության միջոցով` բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:

«Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային եւ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր եւ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը:

Ավելի վաղ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։

«Մտքեր ենք փոխանակել առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը, նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ մեծ ծրագրերը շարունակելու եւ ավարտին հասցնելու թեմային: Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառաուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը եւ այս առումով պետք է ընդգծել նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով միջազգայի տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարեւորությունը, որը կարող է ընդգրկել նաեւ այլ շահառու եւ հետաքրքվծա կողմեր եւ երկրներ: Ուրախ եմ, որ նախախարի այցը կնշանավորվի անեւ մի շատ կարեւոր իրադարձությամբ` Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությամբ, որին մենք գործընկերոջս հետ կմասնակցենք վաղը: Սա նշանակալի եւ խորհրդանշական քայլ է, որը վկայում է մեր երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին»,-ասաց Միրզոյանը: