Search
Close this search box.

Ալիևի անթաքույց պլանները «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին և հայտարարել, որ միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։ Այս մասին նա խոսել է Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաև հայտնել է, թե ցուցահանդեսը կարևոր է Ղարաբաղի վերականգնման, տնտեսության արագ ինտեգրման և զարգացման, ինչպես նաև այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից: Այս մասին Ադրբեջանի իշխանություններն ու պաշտոնյաները հայտարարում են գրեթե բոլոր տեղերում: Գրում է Հայկական ժամանակը:

Հիշեցնենք` հայկական կողմը բազմիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հայտարարել, թե միջանցքը պետք է կյանքի կոչվի:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն` արձագանքելով ՀՀ վարչապետի` Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին հայտարարությանը, նշել էր, թե «Հայաստանը կեղծ պատրվակներ է հնարում» ու փորձում շրջանցել «Զանգեզուրի միջանցքով» ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները:

Այն, որ «արտատարածքային միջանցքի» մասին քննարկումներ չկան, ասել էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի անդամն է:

Սեպտեմբերի սկզբին, ՌԴ այցի ընթացքում ՀՀ վարչապետը` խոսելով «միջանցքային» թեմայից, նշել էր, որ ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը, կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների, իսկ «Այլ հարց է, երբ խոսվում է միջանցքի մասին: Ուզում եմ հստակ լինի՝ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- նշել էր վարչապետը։

Օրեր անց էլ, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետը վերահաստատեց այս դիրքորոշումը` նշելով. «Մեզ մեր դիրքորոշումը պետք է հետաքրքրի, այն է՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու: Եվ այս առումով, որքան էլ աշխարհի ամենամեծ պետությունը չենք, ուրիշների կարծիքը մեզ երկրորդային պետք է հետաքրքրի»,- ասել էր նա: