Search
Close this search box.

Բաքուն մտավ ՀԱՊԿ․ Աստանայում «օրինականացվեց» Հայաստանի օկուպացիան

lragir.am կայքը գրումէ․
Աստանայում կայացած ԱՊՀ ժողովում որոշում է ստորագրվել ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին։ Դա նշանակում է, որ Բաքուն եւս դառնում է դիտորդ։ ՀԱՊԿ անդամ երկրները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած հավաքին շնորհավորեցին Բաքվին «պատմական հաղթանակի» համար։ Միաժամանակ, ՀԱՊԿ-ը բազմիցս մերժել է թե ռազմական գործողությունների ժամանակ, թե նոյեմբերի 9-ից հետո Բաքվի ներխուժումների կապակցությամբ Հայաստանի դիմումները, արժանանալով նախատինքների։ Նույնը՝ Ռուսաստանի պարագային։

Հիմա, Բաքվի դիտորդի կարգավիճակը հանում է այս «խոչընդոտը»։ Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը արձագանքեց Հայաստանի դիմումին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երկու անգամ այցելեց Հայաստան, ըստ Լավրովի՝ պայմանավորվածություն կա դիտորդներ ուղարկել։ Մինչ Երեւանում սեպտեմբեր 13-14-ից հետո քննարկում էին ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու թեման, այդ կազմակերպության էմիսարները Հայաստանում զբաղված էին ապագա հնարավոր տեղակայումների վայրերի եւ հայկական ուժերի դիրքավորման եւ սպառազինության հետախուզությամբ, լիովին օրինական հիմքով։

Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը Հայաստանի դեմ իր ծրագրերն իրագործելու հարմար ցուցանակ է։ Հատկապես Հարավային Կովկասում ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ Արեւմուտքի փորձերից հետո։ ՌԴ-ն միջազգային կառույցներին հակադրում է իր «միջազգային» կառույցը, որին անդամակցում է Հայաստանը եւ որին դիմել է Հայաստանը։ Դա երեւաց ՄԱԿ ԱԽ-ում, երբ սեպտեմբերի ագրեսիայի կապակցությամբ Ֆրանսիայի բարձրացրած հարցի քննարկումը ՌԴ-ն տապալեց պարզ փաստարկով՝ բախումները տեղի են ունենում «վիճելի տարածքների» վրա, բացի այդ ենթակա են լուծման Հայաստանի անդամակցած ՀԱՊԿ «միջազգային» կազմակերպության մասնակցությամբ: Հայաստանը ինքն է դիմել ՀԱՊԿ, թույլ տվեք ավարտին հասցնել մեր խաղաղարար ջանքերը: Տարածքային վեճը լուծվելու է սահմանազատման միջոցով, Ռուսաստանի հովանու ներքո՝ ահա ՌԴ փաստարկները:

ՌԴ-ն Բերձորի միջանցքը հանձնելուց հետո Հայաստանի դեմ հայտնվել է դեմ առ դեմ, եւ այլեւս անհնար է թաքնվել թուրքերի հետեւում։ ՀԱՊԿ ցուցանակը լավ քողարկում է։ Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ ցուցանակը Մոսկվային պետք է շփման գծում եվրոպական հնարավոր դիտորդական առաքելությունը կանխելու կամ «հավասարակշռելու» համար։

Սեպտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հավաքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդների ներգրավումը հնարավորություն կտա, «որպեսզի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար»։

Այն, որ սահմանազատումը տեղի է ունենալու Մոսկվա-Բաքու համաձայնեցումներով, եւ ոչ թե 29,8-ի փաշինյանական երազանքով, հասկանալի էր վաղուց, եւ դա հաստատել էր նաեւ Պուտինը՝ «անկլավները տեղ-տեղ կտրելու, տեղ-տեղ ուղղելու» իր հայտնի հայտարարությամբ։ Բաքվի՝ սահմաններ չկան հայտարարությունը եւ տարածքային պահանջները բխում են այդ համաձայնություններից։

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ այսօրվա հավաքում իր ելույթում նույնպես հաստատել է այս հանգամանքը. «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։ Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր»։

Ճանաչում են, թե չեն ճանաչում․․․ Բաքվի դիտորդի կարգավիճակը ընդլայնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին՝ ազատելով Հայաստանի հանդեպ տհաճ պարտավորություններից, միաժամանակ «օրինականացնում» Բաքվի ներխուժումները եւ ՀՀ տարածքների օկուպացիան՝ հետագա դինամիկայով։ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին գեղական մուննաթը (շուտ արեք մի բան արեք, մենք ժամանակ չունենք սպասելու՝ Ալեն Սիմոնյան, մեզ այլ հարթակներ են առաջարկում, բայց մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը՝ Արարատ Միրզոյան), ինչպես նաեւ Փաշինյանի՝ «դե ես ինչ ինձնից հասնում է՝ անում եմ, բայց չի ստացվում» տոնով ելույթները տեղ հասան։

Այս Բաժնից