Search
Close this search box.

«Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծել է կնոջը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Պետրոս Մ.-ի գործի դատական քննությունը:

32-ամյա Պետրոսին մեղադրանք էր առաջադրվել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու՝ ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Տուժողը Պետրոսի կինն էր՝ նրա 3 անչափահաս երեխաների մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 6 –ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Պետրոս Մ.-ն գնացել է այն տուն, որտեղ կինն ապրում էր իրենց երեք անչափահաս երեխաների հետ:

Տան դուռն իր առաջ չբացելու պատճառով Պետրոսը երեխաների ներկայությամբ վիճել է կնոջ հետ, ննջասենյակում ծեծել է նրան՝ բռունցքով հարվածներ հասցնելով նրա դեմքին:

Դատարանում Պետրոս Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե երկու տարի Հայաստանում չի եղել: Եկել էր կնոջ տուն՝ երեխաներին տեսնելու: Բայց կինն իրեն ներս չի թողել:

Ինքը ստիպված՝ դարպասի վրայով ցատկել, ներս է մտել: Տանը կնոջ հետ վիճել է: Կինը հարցրել է՝ ինչո՞ւ ես եկել: Նա պահանջել է, որ ինքը հեռանա տանից:

Ինքն էլ չի դիմացել և մեկ անգամ ձախ ձեռքով հարվածել է կնոջը:

Հետո իր դուստրը իրեն ներքև է իջեցրել, սուրճ է հյուրասիրել: Կինը զանգել է ծնողներին, հետո՝ ոստիկանություն: Ոստիկանները եկել, ցուցմունք են վերցրել ու գնացել: Եկել են կնոջ բարեկամները: Կինը նրանց ներկայությամբ բորբոքված խոսել է, վիճել է իր հետ, իրեն մեղադրել է: Ինքը չի կարողացել իրեն կառավարել ու մեկ անգամ էլ է հարվածել կնոջը:

Ըստ Պետրոսի՝ ինքը միշտ գումար է ուղարկել ընտանիքին, բայց չի հասկացել՝ երեք անչափահաս երեխա պահող կինը ինչի՞ վրա է ուղարկված գումարները ծախսել… Իրենք պարտքեր ունեին, նա այդ պարտքերը չի մարել…

Պետրոսը հայտարարել է, թե չի հասկանում՝ կինն ինչո՞ւ է ասում, թե ինքը ոչ մի բանով ընտանիքին չի օգնում: Ինքն իր աշխատած ամբողջ գումարն ուղարկել է ընտանիքին…

Դատարանը Պետրոսի ցուցմունքը գնահատել է որպես անարժանահավատ…

Տուժող կինը հայտնել է, թե դեպքի օրը վաղ առավոտյան ինքն ու երեխաները տանը քնած էին: Արթնացել են դարպասի ձայնից: Ինքը դուրս է նայել, տեսել է Պետրոսն է: Մինչ այդ ինքը Պետրոսին ասել էր, որ այդ տան դուռը նրա առաջ չի բացվելու:

Ինքը պատրաստվում էր ամուսնալուծվել նրանից, արդեն դիմել էր դատարան, քանի որ ցանկություն չուներ Պետրոսի հետ շարունակելու հետագա կյանքը:

Պետրոսը տեսնելով, որ դուռը չի բացվում, 2,5 մետր բարձրությամբ պարսպի վրայով ցատկել, մտել է բակ: Այնտեղ բահ կար՝ նա բահով կոտրել է մուտքի դուռը ու ներս է մտել:

Նա իրեն ասել է՝ դու ո՞վ ես, որ իմ առաջ դուռ չես բացում: Ինքն էլ պնդել է, որ իր դուռը նրա առաջ միշտ փակ է լինելու:

Իր խնամքին են իրենց երեք անչափահաս երեխաները: Ինքը մի քանի տեղ է աշխատում, որ երեխաներին պահի, իրենք մեծ դժվարություններով են ապրում: Պետրոսն իրենց չի օգնում:

Իր ավագ դուստրը վազել, հորը բարևել է, մյուս երեխաները իրենց վիճաբանությունից սկսել են լաց լինել:

Ինքը Պետրոսին ասել է, որ ուզում է ամուսնալուծվել: Պետրոսը բռունցքով հարվածել է իր դեմքին: Ինքն այդ հարվածից ընկել է մահճակալին: Երեխաները սկսել են գոռալ ու լաց լինել: Մեծ աղջիկը հորը խնդրել է՝ պապա, մի՛ արա…

Ինքը հեռախոսը հանել է, որ զանգի ծնողներին: Պետրոսը սպառնացել է, որ եթե զանգի, հեռախոսը կջարդի: Պետրոսն առաջ է եկել, մի անգամ էլ է հարվածել իր դեմքին:

Ինքը, այնուամենայնիվ, զանգել է ոստիկանություն:

Աղջիկը հորն իջեցրել է առաջին հարկ:

Ոստիկանները եկել, արձանագրություն են կազմել, հանդարտեցրել են իրենց ու գնացել են: Դրանից հետո Պետրոսը շարունակել է վիճել, նորից հարվածել է իրեն:

Ինքը դարձյալ զանգել է ոստիկանություն: Երբ ոստիկանները եկել են, ինքը խնդրել է, որ Պետրոսին իրենց հետ տանեն…

Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ նրանք Պետրոսին դուրս են բերել տանից:

Տուժողը հրաժարվել է գնալ դատաբժշկական փորձաքննության, ասել է, թե դեմքին կապտուկ կար, բայց ինքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, դրա համար է հրաժարվել փորձաքննությունից: Տուժող կինն ասել է նաև, որ չի հաշտվի Պետրոսի հետ, հաշտությունն անհնար է…

Շուրջ երկու տարի Հայաստանից բացակայող, Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղված ու երեք անչափահաս երեխաների ներկայությամբ կնոջը բռունցքով հարվածներ հասցրած Պետրոս Մ.-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի համայնքի ղեկավարի տված բնութագրին կնախանձեին շատ ու շատ օրինակելի այրեր:

Ըստ բնութագրի՝ Պետրոսը «միջին ընդունակությունների տեր երիտասարդ է»: Նրա բնավորության «ամենաէական գծերն են»՝ «դժվարություններից չընկճվելը, համբերատար կերպով դժվարությունները հաղթահարելը, ազնվությունն ու ճշմարտասիրությունը… Նա իր բնավորությամբ ու ակտիվ աշխատասիրությամբ սովորում ու տիրապետում է գրեթե ամեն ինչի՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ոչ էլ էներգիա… Նա մարդկանց հետ շփման դեպքում աչքի է ընկնում… բարձր կուլտուրայով… Չի արհամարհում թույլ ընկերներին, մեծամիտ ու եսասեր չէ, պատրաստ է օգնել թույլերին ու փոքրերին… Նրա նախանձելի բնավորությանը երանի են տալիս թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Բազմաթիվ ընկերներ… ձգտում են նմանվել նրան… Բնավորության մեջ եղած բոլոր գծերը ընդօրինակելի են բոլորի համար… Նրա մաքուր հոգին և գերազանց վարքը խորը հետք են թողել ինչպես իր դպրոցում, այնպես էլ հասարակության մեջ… Պետրոս Մ.-ի համար խորթ են չար նախանձը, կեղծավորությունը, նենգությունը…»:

Եվ ահա այս «ընդօրինակման արժանի» մարդուն՝ Պետրոս Մ.-ին դատարանը մեղավոր է ճանաչել կնոջը բռունցքներով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ու դատապարտել է 80 հազար դրամ տուգանքի:
Նյութը`1in.am-ի