Search
Close this search box.

Նամակը Ծառուկյանին չի հասել

Ծառուկյան դաշինք խմբակցությունն ստացել է Ելք դաշինքի նամակը, իսկ Գագիկ Ծառուկյանին այդ նամակը չի հասել զուտ տեխնիկական պատճառներով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Ելք դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին:
Փաշինյանը մեղադրել էր նրանում, որ չեն սատարում Ելքի նախագահի թեկնածուին: Հիշեցնենք, որ Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իրեն չի հասել Ելքի նամակը և որ իրենք նախագահի թեկնածու չեն առաջադրելու:
Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ՀՀ-ում ընթացող ցանկացած քաղաքական իրադարձության մասին:
“Եկեք ի սկզբանե մենք մի բան ֆիքսենք՝ որպես փաստ և իրականություն, ապրիլի երկուսի ընտրությունների քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներին ներկայացրել ենք, որ սրանք շատ կարևոր քաղաքական ընտրություններ են, որից բխելու են տարբեր քաղաքական գործընթացներ, այդ թվում՝ երկրի նախագահի ընտրության հարց կա, հետագայում կառավարություն ձևավորելու հարց կա: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը, որն այսօր ձևավորել է կոալիցիա, 58 պլյուս 7 պատգամավորական մանդատով օժտված ուժ է: Ծառուկյան խմբակցությունն ունի 31 մանդատ, իսկ Ելքը՝ 9: Մեր մանդատները միասին վերցված… մենք հավակնություն չունենք մի բանի մեջ ներգրավվել և գործընթաց սկսել, որի մեջ ի սկզբանե դատապարտված ես ձախողման”,- ասաց Էնֆիաջյանը:
Նա հավելեց, որ սա չի նշանակում, թե իրենք պայքարից հրաժարվում է, պարզապես ժողովրդին չեն ուզում հիասթափեցնել:
“Եթե ժողովրդին հույս տանք, որ մենք թեկնածու ունենք և գնում ենք պայքարի, ժողովուրդը սկսելու է հույս կապել: Եվ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու, միանշանակ մեծամասնության թեկնածուն հաղթելու է, և ստացվելու է, որ ընդդիմությունը պարտվեց: Բարգավաճ Հայաստանը չի մտնելու գործընթացի մեջ, որտեղ պարտություն է կրելու”, նշեց Վահե Էնֆիաջյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարեն, նա պատասխանեց, որ այս պահին որևէ ուժի սատարելու հարց չեն քննարկում: