Search
Close this search box.

Պարզաբանում «Ճվճըվ Արոյի» որդիների ու Արաբկիրի Քննչականի միջեւ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ճվճըվ Արոյի» որդիների մասնակցությամբ միջադեպերին և այն տեղեկություններին, թե նրանց նկատմամբ իրավապահների կողմից հովանավորչություն է եղել:
«Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում, կատարում է Սահմանադրությամբ սահմանված իր պարտավորությունները: Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, որ պետք է հասկանանք, որ հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության պակասի անդունդը, ցավոք, խորանում է: Մեզանից յուրաքանչյուրը իրավապահ համակարգում պետք է գիտակցի, թե որտեղ ինչ խնդիր կա և ոչ թե արդարացնող եղանակներով որոշակի խնդիրներ չքննարկի: Պետք է հասկանանք որտեղ է խնդիրը և դրա լուծման համար քայլեր անենք, դրանում ոչ մի ամոթ բան չկա»,- ասաց նա:
Հարցին, որ տեղեկություններ կան, որ Արաբկիրի քննչականի պետը հանցավոր գործարքի մեջ է մտել «ճվճըվ Արոյի» որդիների գործով, Ղամբարյանը պատասխանեց, որ ինքը կարգապահական հանձնաժողովի նախագահն է, բայց այդ դեպքով որևէ միջնորդություն կամ հաղորդում չի ստացվել: Իսկ ընթացակարգն այն է, որ ծառայողական քննություն անցկացնելու ու կարգապահական վարույթ հարուցելու համար պետք է դիմում լինի:
Քննչական կոմիտեի փոխնախագահը նաև ասաց, որ իր աշխատանքի պրակտիկայում անպատժելիության ու հովանավորչության չի հանդիպել, խախտում թույլ տված քննիչները պատժվում են: