Search
Close this search box.

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», – նշեց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել:

«Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում որևէ ձևով թիրախավորել մեր տղաներին», – նշեց Գրիգորյանը:

Նա ասաց, թե Ադրբեջանի ՄԻՊ-ն իր հետ կապի դուրս չի գալիս:

«Ինքս եմ գրել ու խնդրել տեղեկություններ, կոչ եմ արել, որ, որպես ՄԻՊ, պետք է կարողանանք մեր մանդատները ծառայեցնել մարդկանց, ցավոք, ադրբեջանցի կոլեգայից արձագանք չունեմ», – մանրամասնեց ՄԻՊ-ը:

Գրիգորյանն ընդգծեց՝ գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին։ «Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի», – հավելեց նա։