Search
Close this search box.

Չեխիան Հայաստանին կոչ է անում չմիջամտել

Չեխիայի արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին Հայաստանի և նախկին խորհրդային ևս 4 երկրների դեսպաններին կոչ է արել չմիջամտել Պրագա քաղաքի ներքին գործերին: Այս մասին նշված է Չեխիայի ԱԳՆ կայքում հրապարակված նամակում:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանները հանդես են եկել մարշալ Իվան Կոնևի արձանի մոտ նոր ցուցանակի տեղադրման դեմ, որում նշված է ոչ միայն 1945 թվականին Պրագայի ազատագրության, այլ նաև 1956 թվականին Հունգարական ապստամբության և 1968 թվականին Չեխական գարնան ճնշմանը մասնակցելու փաստերը:
Դեսպանների նամակում նշված է, որ նոր ցուցանակը նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեպ պայքարում զոհվածների հիշատակը:
Ստրոպնիցկին դեսպաններին հիշեցրել է, որ Չեխիայի իշխանությունները չեն կարող միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին: Նախարարը նշում է, որ հուշարձանը պատկանում է Պրագայի 6-րդ թաղամասին, որն էլ իրավունք ունի համապատասխան որոշումներ կայացնել: Ստրոպնիցկիի խոսքով, Կոնևի արձանի ճակատագիրը Պրագայի իշխանությունների և քաղաքացիների ներքին գործն է:
Չեխիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ դեսպանները չեն արծարծի այնպիսի թեմաներ, որոնք չեն նպաստի փոխհարաբերությունների զարգացմանը:
Չեխիայում Հայաստանի դեսպանը Տիգրան Սեյրանյանն է: