Search
Close this search box.

Տրանսպորտի թանկացմանն ու դեֆիցիտին սպասելիս. նախարարը հաստատեց լուրերը

Armlife լրատվական կայքը տարեսկզբին տեղեկացրեց, որ ուղեվարձի առաջին թանկացումը կա`ի դեմս Հրազդան-Երևան գազելների, որոնք 100 դրամով տարեսկզբին միանգամից բարձրացրին ուղեվարձը: «Հրազդան- Երևան գիծը սպասարկող տաքսիներին դեռ նման հրահանգ չի տրվել»,- մեր կայքի հետ զրույցում ասաց տաքսու վարորդը:
Սակայն չի բացառվում, որ առաջիկայում մի շարք տրանսպորտային ընկերություններ կարող են բարձրացնել ուղեվարձը, ինչը չհերքեց նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։ Այսօր երբ կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ն այլ ընկերություններ, որոնք կհետևեն Հրազդան- Երևան գիծի թանկացմանը, և առաջիկայում ուղեվարձ կբարձրացնեն, Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մի քանի նման ընկերություններ կան: Նա չմանրամասնեց, թե որ ուղղությունների սպասարկման մասին է խոսքը. «Ես հիմա չեմ կարող նշել այդ ընկերությունների ցանկը: Մեր կողմից ուսումնասիրություններ կարվեն՝ ցանկացած այն ընկերությունների մոտ, որտեղ կունենանք այդպիսի դեպքեր: Մի քանի ընկերություններ կան, բայց եթե իրենք ժամանակին իրենց հաշվին առաջարկել են ցածր գին, մենք պետք է այսօր նայենք, թե այդ առաջարկված գինը համապատասխանո՞ւմ է, իրենց ստացած շահույթն ինչքա՞ն է, գերշահո՞ւյթ է, թե՞ ոչ, հետո կորոշենք: Այսօր եղել է այդ մի դեպքը, մնացածը կանոնակարգվելու է տրանսպորտային միասնական համակարգը ներկայացնելուց հետ»,- ասաց նա:
Նախարար Մարտիրոսյանը չբացառեց նաև, որ առաջիկայում տրանսպորտի դեֆիցիտ կստեղծվի: