Search
Close this search box.

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, որոնք Երևան են տեղափոխվել բուժումը շարունակելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
«Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վնասվածքներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։