Search
Close this search box.

Զուգարանում ծննդաբերելուց հետո երեխային անօգնական թողել է զուգարանակոնքի մեջ մինչև մահանա. մայրը դատապարտվեց ազատազրկման

Կոտայքի մարզում պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ նորածնի դին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածքում թողած մայրը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 40-ամյա կինը բնակարանի լոգարանի զուգարանակոնքին նստած, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնությամբ ծննդաբերել է արական սեռի երեխա և երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով, որ երեխան կենդանածին է, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, նորածնին մեկ ժամից ավել անօգնական, առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանակոնքի մեջ, որի արդյունքում մեխանիկական շնչահեղձության շնչառական ուղիները օտար մարմիններով հեղուկով, այդ թվում և պտղաջրերով փակվելու հետևանքով նորածինը մահացել է:

Այդ ամենից հետո էլ 2-3 օր անց կինը ստրավարաթղթե արկղով՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ՝ հեռացել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով:

Ամուսնալուծված, երկու անչափահաս երեխաների մայրը՝ նորածնին սպանելու մեղադրանքն ընդունել է և խնդրել է գործը քննել արագացված ընթացակարգով՝ հայտարարելով, որ կատարածի համար զղջում է:

Դատարանը կնոջ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` հաշվի է առել այն, որ նախկինում դատապարտված չի եղել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի և կատարված հանցանքի համար զղջացել է:

Նշենք նաև, որ ըստ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձագիտական եզրակացության` կինը նախկինում և ներկայում հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, համարվում է «հոգեպես առողջ» անձնավորություն:

Իսկ իրավախախտումը կատարելու պահին հաշիվ է տվել իր կատարած գործողությունների համար և դրանք ղեկավարել, ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ` ճանաչվել է մեղսունակ:
Բացի այդ եզրակացության մեջ նաև նշվում է, որ արարքը կատարելիս գտնվել է խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, որը սակայն էական կազմալուծող ազդեցություն չի ունեցել նրա հոգեկան գործողության վրա, ինչն արտահայտվել է վարքի և գործողությունների նպատակաուղղվածությամբ, դրանց գիտակցական վերահսկողության հարաբերական պահպանմամբ: