Search
Close this search box.

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող՝ նրա կինը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ կինը ճանաչվել է մեղսունակ: Քրեական գործով նախաքննության ավարտվել է և գործի նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու նպատակով»,- նշեց Տռուզյանը:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել էր, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս Բաժնից