Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը նշել է, թե Թուրքայից ինչ են ակնկալում

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը», – հայտարարել է Միրզոյանը։