Search
Close this search box.

Հայտնի է` բացի թոշակառուներից, ովքեր կօգտվեն անկանխիկ առևտրի 10% հետվճարից

2022-ի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

• ընտանեկան նպաստ,
• սոցիալական նպաստ,
• ծերության նպաստ,
• հաշմանդամության նպաստ,
• կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
• երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
• պատվովճար,
• պարգևավճար (կենսաթոշակառուները, ովքեր ստանում են պարգևավճար):

«Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով»,- ասված է հաղորդագրությունում։