Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի խաղը. նա պատգամավորներին «պատանդ» է պահում ԱԺ-ում

Այն բանից հետո, երբ ԱԺ մեծամասնությունը հաշվի չառավ «Ելք» խմբակցության՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ իրենց այն պնդումները, որ առաջին ընթերցման ժամանակ օրենքն անօրինական ձևով է ընդունվել, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անցավ հակահարվածի՝ չամչի գրավ դարձնելով ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցության պատգամավորներին ԱԺ-ում:

Նիկոլ Փաշինյանը համապատասխան նախագծի քվեարկությունից առաջ՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3 մասի համաձայն, «Ելք»  դաշինքի անունից 20 րոպե ընդմիջում է վերցնում:

Հերթական օրինագծի քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմեց «Ելք» դաշինքին. «Մենք հարգում ենք կանոնակարգային ձեր իրավունքը՝ ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու, բայց ես կարծում եմ, որ ըստ կանոնակարգի ոգու՝ այդ իրավունքը տրված է, եթե դու վերցնում ես ու տվյալ հարցի վերաբերյալ հստակեցնելու խնդիր ունես: Ես հասկանում եմ՝ այս կերպ, դուք քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ որ խնդիր լուծում եք, բայց հավատացեք ինձ՝ այդ խնդրի լուծումը չարժի այն գործընկերային հարաբերությունների, որ կա ԱԺ-ում: Սա ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառության է նմանվում: Ես հորդորում եմ իմ գործընկերներին՝ փոքր բանի համար մեծ բաներ չզոհել և թույլ տալ աշխատել բնականոն»:

Սակայն քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանն չլեսց գործընկերոջ հորդորը և «Ելք» դաշինքի անունից չորրորդ անգամ վերցրեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո «Ելք» դաշինքին դիմեց Սամվել Նիկոյանը և նշեց, որ սա գործընկերային հարաբերության դաշտից դուրս է. «Ըստ էությամբ, ԱԺ բնականոն աշխատանքները խաթարելու միտու կա, որին կարելի է այլ լուծում տալ, բայց ես մեր գործընկերներին հետևյալն եմ ցանկանում հայտարարել, եթե իրենք գնում են այդ ճանապարհով և կանոնակարգի այդ հնարավորությունը ի չարս են օգտագործում, ապա, երևի, անհրաժեշտություն կլինի վերանայել կանոնակարգը, որը կարվի»,-նշեց Ս. Նիկոյանը՝ «Ելք»-ին առաջարկելով` չգնալ այդ ճանապարհով, քանի որ դրա պատասխանն էլ կա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ ՀՀԿ խմբակցությանը առաջարկեց՝ պատիվ տալ իրենց, քանի որ առաջիկա երկու ժամը այստեղ են և այսքան ընդմիջման հնարավորություն դեռ չի եղել:

Իսկ հերթական օրինագծի քվեարկությունից առաջ, Նիկոլ Փաշինյանը՝ խմբակցության անունից, վերցրեց հերթական 20 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք նաև, որ «Ծառուկյան» դաշինքը բոյկոտել և հեռացել է նիստերի դահլիճից:

ArmLIfe.am

 

Այս Բաժնից