Search
Close this search box.

Անդրանիկ Փիլոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 20-ի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մարտի 31-ին բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը, մեր ունեցած տեղեկություններով, մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։ Փաստաբան Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս ծանուցում չի ստացել։ Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը զերծ մնաց հայտնելուց` նշելով, որ բացի Անդրանիկ Փիլոյանի փաստաբանը լինելուց՝ ինքն առաջին հերթին վերջինիս ընկերն է, նաև՝ մարտական, իսկ իր ծառայություններն անհատույց են։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Հետագայում, սակայն, մեղադրյալների թիվն ավելացել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այժմ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 20 անձ։

«20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել»,–նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Այս Բաժնից