Search
Close this search box.

Արցախի ԱԺ–ն հայտարարություն ընդունեց Փաշինյան– Ալիև հանդիպումից առաջ

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստն իրականացրեց ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպումից առաջ։

Արցախի ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

«Համոզված ենք, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունները, ունենալով սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերներին` պաշտպանելով մեր ազգային շահերը»,– ասված է հայտարարության մեջ։

Արցախի խորհրդարանը նաև արձանագրում է, որ աշխարհաքաղաքական ներկա բարդ ժամանակահատվածում Ադրբեջանը փորձում է տապալել ռուս խաղաղապահ առաքելությունը, շարունակում է զավթել նորանոր տարածքներ։ Արցախը, սակայն վերահաստատում է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող իրենց զրկել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։
«Ներկա պայմաններում ՀՀ–ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող է բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար։ Հայոց պետականության լինելիության և ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»,– նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան–Ալիև հանդիպում։
Ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:

Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։

Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։