Search
Close this search box.

Նոր Ղազանչի գյուղի մոտ ադրբեջանցիները երկու դիրք ունեն՝ ուղիղ նշանառության տակ պահելով բնակավայրը

«Փաստինֆո»-ն գրում է. Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի բնակիչների կյանքը 2020թ․ պատերազմից հետո կտրուկ փոխվել է։ Եթե ապրիլին սովորաբար գյուղում ազատ մարդ չէր լինում, բոլորը դաշտերում ու այգիներում էին, հիմա պատկերն այլ է։ Վարելահողերի ուղիղ կեսն անմշակ է մնացել, անասուն էլ գրեթե չկա։

«Գյուղի ներքևում ադրբեջանցիները դիրք են դրել, էդ դիրքից մոտ 20 մետր հեռավորությունից սկսվում են մեր վարելահողերը։ Ավելի քան 50 հա հող էնքան մոտ են սահմանային գծին, որ ոչ մի կերպ չենք կարողանում մշակել։ Անցած տարի մի կերպ ենք հնձել էդ հատվածները։ Աշնանացանը խաղաղապահների ներկայությամբ էինք արել, ու չնայած ադրբեջանցիներն ասել էին, որ թողնելու են հնձենք, բայց բերքահավաքի ժամանակ չէին թողնում հնձենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանը։

Համայնքին պատկանող 101 հա վարելահողից այս տարի ցանք արվել է 47 հա-ի վրա։ Գարնանացան կարվի, թե չէ, իրավիճակը ցույց կտա։ Գյուղապետն ասում է՝ քանի դեռ Արցախում վիճակը լարված է, ոչ մեկը չի կարողանում կենտրոնանալ գյուղատնտեսական աշխատանքների վրա։ Բանջարաբոստանային որոշ կուլտուրաներ, ամեն դեպքում, գյուղացիները մշակում են։ Դաշտերն ու արոտավայրերը կորցրած Նոր Ղազանչի գյուղին Կարմիր խաչը 14 ջերմոց է տրամադրել։

Անանապահությունը 70 տոկոսով կրճատվել է։ Եթե մինչև պատերազմը ավելի քան 220 խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա ընդամենը 72-ն է։ Արոտատեղիի մի հատվածը թշնամին բռնազավթել է, մյուս մասում էլ անասուն արածացնելը վտանգավոր է շատ։ Անցնում են թշնամու կողմը ու հետ չեն գալիս։ Այդպես մոտ 60 գլուխ անասուն ենք կորցրել»,-ասում է համայնքապետը։

Նոր Ղազանչին, ինչպես և Արցախի մեծ թվով բնակավայրեր, թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Գյուղի մոտ ադրբեջանցիները երկու դիրք ունեն, որտեղից դիտարկում են գյուղացիների ամեն մի շարժը, բայց դա Նոր Ղազանչիի բնակիչներին ոչ վախեցնում է, ոչ էլ՝ խուճապի մատնում։ Դրա մասին Առստամյանն է փաստում․ «Պատերազմից հետո գյուղից ոչ մեկը դուրս չի եկել ու ոչ էլ նման մտադրություն ունի»։