Search
Close this search box.

Ինչպես Տավուշի ավանտյուրան վերածվեց 44 -օրյա պատերազմի. Սուրենյանցի քաղաքական սառը հաշվարկը

Պետք չէ Հայաստանը կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի շեմին

The Wall Street Journal-ը գրում է, որ Գերմանիայի կանցլերը պատերազմից առաջ խորհուրդ էր տվել Զելենսկիին հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից և խուսափել Ռուսաստանի հետ հակամարտությունից։ Բայց նա հրաժարվել է:

Զելենսկիի չհաշվարկված, ոչ ռեալիստական քաղաքականության հետեւանքները իր վրա կրում է Ուկրաինան, որն այս պատերազմից ամեն դեպքում շահած դուրս չի գալու։

Նիկոլ Փաշինյանն էլ 2018-20թթ-ին տրվել էր միստիկային, ինչ-որ անհասկանալի հավատի շնորհիվ` մտածում էր կարող է “նոր կետից” սկսել բանակցային գործընթացն ու հաջողել, Տավուշի ավանտյուրան վերածել էր Սարդարապատի։
Հետեւանքը երկար սպասեցնել չտվեց` մահաբեր պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց մի կողմ թողնենք անցյալը։

Փաշինյանը ոչ մի հարցում կայուն սկզբունքներ չունի. դա հաշվարկել են նրա բոլոր ներքին ու արտաքին հակառակորդները ու գիտեն, որ նա ճնշման դեպքում կարող է կրկին փոխակերպվել` խաղաղության օրակարգի պաշտպանից վերածվելով “ռոմանտիկ պահանջատերի”:

Փաշինյանի խաղաղության օրակարգը թույլ է, հեղհեղուկ, բայց 44-օրյա պատերազմի պարտությունից հետո այլ կերպ լինել չէր կարող։
Ասածս այն է, որ եթե “համազգային” ջանքերով հիմա էլ վիժեցնենք հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական քաղաքական երկխոսությունը, ապա դրա արդյունքում ոչ թե ազատագրված Շուշի ու Հադրութ, միջազգայնորեն ճանաչված Արցախ ենք ունենալու, այլ` Արցախի հայաթափում, Հայաստանին պարտադրված ավելի աննպաստ “խաղաղություն”:

Սա հոռետեսություն չէ` քաղաքական սառը հաշվարկ է, որի հիմքում նյութական իրականության ռեալիզմն է։
Նիկոլ Փաշինյանին հեռացնել միշտ կարելի է ու նա արժանի է դրան։ Մեծ հաշվով` քաղաքական հարթության վրա նա սպառված է ու, վաղ թե ուշ, իշխանությունից նրա հեռացումը տեղի է ունենալու։

Խնդիրն այն է, որ այդ փոքր խնդիրը լուծելու նպատակով` պետք չէ վտանգել հարեւան պետությունների հետ երկխոսության օրակարգը, Հայաստանը կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի շեմին։

Այդ պարագայում` իշխանության խնդիրը Հայաստանում երկրորդական է լինելու, հավատացեք։

Քաղաքագետ՝ Սուրեն Սուրենյանց