Search
Close this search box.

Կալանավորված Անդրանիկ Փիլոյանն ազատվեց նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին,տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում :

Հիշեցնենք, որ մարտի 31-ին դատարանը արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Պարզվել է, որ ԱԻ նախարար Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։ Քննիչի որոշմամբ նա երեկ՝ մարտի 30-ին ձերբակալվել էր։